Հարցերին պատասխանում է Շենգավիթ բժշկական կենտրոնի տեսողության և լազերային կորեկցիայի կենտրոնի ակնաբույժ Էմմա Ղազարյանը:
Ինչպե՞ս հասկանալ, որ փոքրիկն ունի վատ տեսողություն
Փոքր տարիքի երեխաների դեպքում շատ դժվար է հասկանալ՝ նորմա՞լ է երեխայի տեսողությունը, թե՞ ոչ: Սկզբնական շրջանում փոքրիկը չի կարողանում անգամ հայացքը ֆիքսել, սակայն որոշ ժամանակ անց աստիճանաբար սկսում է ֆիքսել հայացքը, այդ ժամանակ կարող ենք նկատել՝ երեխան սկսե՞ց նկատել և հետևել վառ, գունավոր առարկաներին: Եթե մինչև 6 ամսական երեխան չի նկատում և ազդակ չի տալիս, դա ահազանգ է, որ կան տեսողական խնդիրներ:
Երբեմն մինչև 6-9 ամսական փոքրիկների մոտ դիտվում է շլություն, որն այդքան էլ արտահայտված չէ` հայտնվում-անհետանում է, սակայն եթե 6-9 ամսականից հետո շլությունը մշտապես առկա է, և աչքը նորմալ դիրքում չէ, դա վկայում է, որ կան տեսողական խնդիրներ:
Արտահայտված խնդրի` բնածին կատարակտի կամ որևէ նորագոյացության դեպքում հնարավոր է նկատել սպիտակ ռեֆլեքս լուսանկարներում, որը պետք է անհանգստացնի ծնողներին և անմիջապես դիմեն մասնագետի:
Ի՞նչը կարող է ազդել փոքրիկի տեսողության վրա
Նորածին փոքրիկի մոտ առկա աչքի խնդիրները վկայում են հղիության ընթացքում եղած որոշակի փոփոխությունների` ինֆեկցիաների, նյութափոխանակության խանգարումների, սթրեսների մասին, որոնց հետևանքով և առաջացել են ակնային խնդիրներ: 4-5 ամսական և ավելի տարիքի երեխաների դեպքում կարող է կապ ունենալ նաև գենետիկ գործոնը: Հաճախ տեսողական խնդիրները կապված են ոչ ճիշտ կազմակերպված կենցաղի հետ, երբ երեխան անընդհատ հեռուստացույցի կամ համակարգչի առաջ է անցկացնում:
Ինչպե՞ս պահպանել երեխայի տեսողությունը
Փոքր հասակում պետք է ուշադրություն դարձնել կենցաղին, դպրոցահասակների դեպքում` ընթերցանությանը: Պետք է ճիշտ կազմակերպել երեխայի առօրյան:
Որքա՞ն ժամանակ է պետք հատկացնել հեռուստացույցին, համակարգչին
Օրվա ընթացքում 2-3 ժամից ոչ ավելի, ընդ որում հեռուստացույցի կամ համակարգչի առջև նստելիս 20 րոպեն մեկ պետք է ընդմիջել, որպեսզի երեխան ցրվի, նայի և՛ հեռու, և՛ մոտ:
Այսօր հնարավոր չէ երեխային արգելել օգտվել համակարգչից, սակայն պետք է հնարավորինս կարգավորել նրա ռեժիմը և շեղել հետաքրքիր խաղերի, մաքուր օդին ֆիզիկական ակտիվության միջոցով: