Փոքրիկի ագրեսիվությունը և դրա պատճառները

Հաճախ երկու տարեկան երեխաներն աչքի են ընկնում իրենց զայրացկոտությամբ և ագրեսիվությամբ: Ագրեսիվությունը զայրացկոտության վերին աստիճանն է և միշտ ուղղված է որևէ մեկին: Երեխան կարող է մեկ այլ փոքրիկի կամ մեծահասակի, տնային կենդանիներին խբել, կծել, ճանկռտել: Բոլոր տհաճությունները, որոնք մեծերին աննշան են թվում, երեխայի համար հիասթափության գագաթնակետն են, այստեղից էլ ծագում է ֆիզիկական ռեակցիան:

Փոքրիկները կյանքում գոնե մեկ անգամ ձեռք բարձրացնում են իրենց ծնողների վրա, կծում կամ ուսով հրում: Երեխաները մատերը մտցնում են աչքը, քաշում մազերը և կծոտում, բայց այդ բոլորի պատճառը պարզապես հետաքրքրությունն է, քանի որ նա չի գիտակցում, որ ցավ է պատճառում:

Այնուամենայնիվ, եթե Ձեր երեխան ագրեսիվ է դառնում և նեղացնում ուրիշ փոքրիկների, Ձեր խնդիր է նրան բացատրել «ինքնարտահայտման միջոցի» անընդունելի լինելու մասին:

Որո՞նք են ագրեսիվության պատճառները:

Երեխան կարող է զայրանալ, որովհետև`

  • Նրան   արգելում են անել այն, ինչ ուզում է: Նա չի կարողանում ինքնարտահայտվել:
  • Շատ փոքր է և չի հասկանում, որ իր արարքով ցավ է պատճառում ուրիշներին:
  • Զգացմունքային անհագստություն կամ սիրո պակաս ունի:
  • Երեխան խանդում է, օրինակ` ընտանիքում նոր երեխա է հայտնվել:
  • Երեխան կրկնօրինակում է մեծահասակներին կամ իրենից մեծ երեխաներին, որոնք իր նկատմամբ ագրեսիվ են:
  • Նյարդայնանում է ֆիզիկական որևէ արատի պատճառով, օրինակ` լսողության մասնակի կորուստ:
  • Հոգնած և քաղցած է:
  • «Անհանգիստ» երեխա է. այդպիսի երեխաները չափազանց շատ էներգիա ունեն, ուստի հանգիստ ու ամաչկոտ երեխաների համեմատությամբ ագրեսիվ են թվում:
  • Երեխան օրինակ է վերցնում հեռուստատեսային ֆիլմերի ագրեսիվ հերոսներից, որոնց համար ամեն ինչ հեշտ է և հնարավոր:
  • Երեխային մշտապես պատժում են ու նախատում: