Նախաճաշ 1-4-րդ դասարանի աշակերտների համար․ կարելիներ ու չի կարելիները

Սնունդ/ Նախաճաշ

Սննդաբան Գայանե Շախհաթունիի խորհուրդները 1-4-րդ դասարանի փոքրիկների նախաճաշի վերաբերյալ:

«Նախաճաշը սննդակարգի ամենակարևոր բաղադրիչն է: Առողջ մարմին ունենալու համար նախաճաշը կարևոր գործոն է հանդիսանում: Սակայն հարկավոր է իմանալ առողջ սնվելու գաղտնիքները` զերծ մնալով առողջությանը վնասելուց: Դպրոցական երեխայի նախաճաշը ձևավորվում է ավելի վաղ հասակում: Երբ երեխան սեղանին նկատում է որոշակի ուտելիքներ, ապա սկսում է դրանք ուտել ցանկանալ: Այդ է պատճառը, որ նրբերշիկի և քաղցրավենիքի փոխարեն սեղանին միշտ պետք է լինի թարմ բանջարեղեն ու միրգ»,-ասում է սննդաբանը:

  

«Վերջին հետազոտությունների համաձայն՝ մեր առողջական խնդիրների պատճառներից մեկը գլյուտենի առկայությամբ սնունդն է: Սպիտակ ալյուրի փոխարեն կարելի է հաց պատրաստել վարսակի թեփով, որը շատ առողջարար է և չի պարունակում գլյուտեն կամ նուշի ալյուրով, սակայն վարսակի թեփ ընտրելիս պետք է ուշադիր լինել, որպեսզի այն չպարունակի գլյուտեն»:

«Եթե երեխայի մոտ արդեն կա ձևավորված սննդակարգ, և փոքրիկն առավոտյան սիրում է թեյել, ապա ցանկալի է, որ թեյը քաղցրով չլինի: Թեյի հետ կարելի է վարսակի հացի վրա քսած կարագ տալ երեխային, բայց ոչ մեղր: Սննդակարգից և հատկապես նախաճաշից պետք է բացառել երշիկը, նրբերշիկը, բեկոնը, տապական, պոմիդորային պատրաստուկները՝ ներառյալ տոմատային սոուսները և կետչուպները: Ցանկալի է նաև խուսափել սպիտակաձավարից: Առավոտյան նախաճաշի սեղանին պարտադիր պետք է լինի խաշած ձու, վարսակի շիլա»,-ասում է Շախհաթունին:

Ըստ մասնագետի՝ ափսեն պետք է լինի վառ, գույներով լի, հետևաբար կարելի է ներառել բրոկոլի, հատապտուղ, ավոկադո և այլն։

«Քաղցրավենիքի փոխարեն նախընտրելի է երեխային մատուցել վիտամիններով հարուստ միրգ, սակայն եթե երեխան փքաբլիթ, խմորեղեն է ցանկանում ուտել, ապա սպիտակ ալյուրը կարելի է փոխարինել գլյուտեին չպարունակող վարսակի թեփով կամ փաթիլներով և ստանալ նույն համեղ, բայց արդեն առողջարար փքաբլիթ: Եթե երեխան շոկոլադ է ցանկանում ուտել, ապա կարելի է սովորական քաղցրավենիքը փոխարինել բիո քաղցրավենիքներով»: