Ե՞րբ դիմել մանկական գինեկոլոգի և ի՞նչ խնդիրներ են հանդիպում աղջիկների մոտ

Մանկական և դեռահասային գինեկոլոգիան զբաղվում է 0-18 տարեկան աղջիկների սեռական համակարգում տեղի ունեցող փոփոխություններով, դրանց ախտորոշմամբ և բուժմամբ։

Շատ ծնողներ չեն էլ պատկերացնում, որ իրենց փոքրիկ աղջիկները կարող են կարիք ունենալ մանկական գինեկոլոգի խորհրդատվության։ Սակայն, որոշ դեպքերում մասնագետի այցը կարևոր է ինչպես առողջական խնդիրների վաղ հայտնաբերման, այնպես էլ կանխարգելման համար։

Ի՞նչ խնդիրներ են առավել հաճախ հանդիպում մանկական գինեկոլոգիայում

1․ Սեռական շրթերի սերտաճումներ և սինեխիաներ 

2-3 ամսականի սկսած նորածին աղջիկների մոտ կարող են դիտվել սեռական շրթերի սերտաճումներ, որոնք կոչվում են սինեխիաներ։ Սա պայմանավորված է էստրոգենի ցածր մակարդակով։ Թեև որոշ դեպքերում խնդիրը կարող է ինքնուրույն վերանալ, անհրաժեշտ է մասնագետի վերահսկողությունը՝ հնարավոր բարդություններից խուսափելու համար։

2․ Վուլվիտ և վուլվովագինիտ 

2-3 տարեկանից  սկսած՝ երեխաների մոտ հաճախ հանդիպում են սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ, ինչպիսիք են վուլվիտն ու վուլվովագինիտը։ Դրանք կարող են պայմանավորված լինել անբավարար հիգիենայով, ալերգիկ ռեակցիաներով, վարակի առկայությամբ կամ օտար մարմիններով։ Անհրաժեշտ է ժամանակին դիմել մասնագետի, քանի որ վաղ բուժումը կարող է կանխել հետագա բարդությունները։

3․ Վաղաժամ կամ ուշացած սեռական հասունացում
Սեռական հասունացման շրջանը սկսվում է տարբեր տարիքում, սակայն եթե այն սկսվում է չափից շուտ (8 տարեկանից առաջ) կամ ուշանում է (14 տարեկանից հետո), անհրաժեշտ է մանկական գինեկոլոգի կամ էնդոկրինոլոգի միջամտությունը։ Այս խնդիրը կարող է կապված լինել հորմոնալ խանգարումների կամ ժառանգական առանձնահատկությունների հետ։

4․ Ձվարանների նորագոյացություններ (կիստաներ, կիստոմաներ)
Մանկական գինեկոլոգին հաճախ դիմում են այն դեպքերում, երբ աղջիկների մոտ հայտնաբերվում են ձվարանների նորագոյացություններ, որոնք հիմնականում լինում են կիստաների և կիստոմաների ձևով։ Դրանց մեծ մասը բարորակ է, սակայն անհրաժեշտ է բուժզննում՝ ախտորոշման և ճիշտ բուժման մեթոդի ընտրության համար։

5․ Կրծքագեղձերի հիվանդություններ
Ֆիբրոադենոմաներն ու կիստաները կարող են հայտնաբերվել դեռահաս աղջիկների մոտ, և այս դեպքերում գինեկոլոգի հետ միասին աշխատում է նաև մամոլոգը։ Ցանկացած փոփոխություն, որը նկատում եք երեխայի կրծքագեղձերում, պետք է գնահատվի մասնագետի կողմից՝ խնդիրների վաղ հայտնաբերման և անհրաժեշտության դեպքում բուժման համար։

 

Ե՞րբ է անհրաժեշտ դիմել մանկական գինեկոլոգի

Ծնողները պետք է ուշադիր լինեն իրենց երեխաների առողջության նկատմամբ և դիմեն մանկական գինեկոլոգի հետևյալ դեպքերում․

  • Եթե նկատում եք սեռական շրթերի սերտաճում կամ անսովոր արտազատումներ։

  • Եթե երեխան հաճախ բողոքում է քորի, այրոցի կամ անհարմարավետության մասին։

  • Եթե առկա են վաղ կամ ուշ սեռական հասունացման նշաններ։

  • Եթե կրծքագեղձերում կամ ձվարաններում առկա են որևէ անսովոր գոյացություններ։

  • Եթե երեխայի մոտ նկատվում են տհաճ հոտով արտազատումներ կամ արյունային արտադրություն։

 

Երեխաների առողջությունը յուրաքանչյուր ծնողի առաջնային հոգատարության շրջանակում է, և աղջիկների համար մանկական գինեկոլոգի հետ պարբերաբար խորհրդակցելը կարող է կանխել բազմաթիվ առողջական խնդիրներ։ Եթե նկատում եք որևէ փոփոխություն, մի հետաձգեք մասնագետի այցելությունը, քանի որ վաղ ախտորոշումը և ճիշտ մոտեցումը երեխայի առողջության լավագույն երաշխիքն են։