Արևահարությունը հիվանդագին վիճակ է։ Այն առաջանում է երկար ժամանակ արևի ուղղահայաց ճառագայթների տակ մնալու հետևանքով:
Մանկահասակ երեխաներն ավելի խոցելի են արևահարության նկատմամբ։ Պատճառն այն է, որ նրանց գանգի ոսկորները դեռևս լիարժեք ձևավորված չեն, իսկ մաշկն ու մազերը ավելի նուրբ են։
Արևահարության նշաններն ի հայտ են գալիս արևի ճառագայթների ներգործությունից անմիջապես հետո կամ մի քանի ժամ անց, հաճախ՝ գիշերային ժամերին:
Որո՞նք են արևահարության նշանները.
- մարմնի ջերմաստիճանի բարձրացում (39°C և ավելի),
- դեմքի և պարանոցի մաշկի կարմրություն ու չորություն,
- գլխացավ, գլխապտույտ,
- թուլություն,
- սրտխառնոց, փսխում,
- անհանգստություն, գրգռվածություն,
- արյունահոսություն քթից,
- աղմուկ ականջներում,
- գիտակցության խանգարումներ:
Ի՞նչ է պետք անել, երբ երեխան արևահարվել է:
Արևահարված երեխային նախևառաջ պետք է տեղափոխել ստվերոտ վայր ու օգնել, որպեսզի նա ընդունի հարմար դիրք։
Այնուհետև երեխայի դեմքը պետք է լվանալ սառը ջրով, գլխին դնել սառը թրջոցներ, հնարավորության դեպքում մարմինը ծածկել խոնավ սավանով։
Անպայման պետք է արձակել ճնշող կապերն ու թեթևացնել հագուստը։
Թեթև կամ միջին աստիճանի արևահարության դեպքում ժամանակին ճիշտ օգնություն ցույց տալու պարագայում օրգանիզմի բնականոն գործունեությունը ավելի շուտ է վերականգնվում: Ծանր աստիճանի արևահարության դեպքում երբեմն օգնության ուշացումը կարող է հանգեցնել մահվան:
Առաջին օգնություն ցույց տալուց անմիջապես հետո պետք է դիմել համապատասխան մասնագետի։
Արևահարումից խուսափելու համար ցերեկային ժամերին թույլ մի տվեք Ձեր երեխային գտնվել արևի ուղղահայաց ճառագայթների ազդեցության տակ, հորդորեք նրան անպայման կրել բաց գույնի հագուստ ու գլխարկ։
Աղբյուրը՝ komarovskiy.net