Խորհուրդները ներկայացնում են «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի մասնագետները:
1. Խոսեք երեխայի հետ այնքան հաճախ, որքան հնարավոր է:
Երբ երեխան հարցեր ունի, պատասխանեք դրանց անկեղծ, բայց միևնույն ժամանակ պարզ ու մտածված: Նրանց կարծիքը ևս հարցրեք այն մասին, թե ինչ է կատարվում և ուշադիր լսեք նրանց պատասխանները: Անպայման հաշվի առեք երեխաների զգացմունքները. նրանք կարող են ասել, որ ատում են իրենց թշնամի ազգին կամ կրոնը: Խրախուսեք ընդհանրացումներ չանել: Ձեր զգացմունքները նունպես մի թաքցրեք, սակայն հույսի ու լավատեսության տեղ թողեք. օրինակ՝ ասեք. «Ես էլ եմ մի քիչ վախենում, բայց վստահ եմ, որ մենք լավ պատրաստված ենք ու անպայման գլուխներս բարձր կանցնենք այս ամենի միջով»: Երեխան մի վայրկյան անգամ չպետք է կասկածի, որ Դուք ամեն-ամեն բան կանեք ու կպաշտպանեք իրեն:
2. Ձեր տունը դարձրեք հուզականորեն ապահով վայր երեխայի համար:
Արտաքին աշխարհը քաոսային է, սակայն ձեր տունը պետք է փոքրիկ դրախտ լինի երեխայի համար, որտեղ նա կկարողանա հուզականորեն հանգտանալ: Տունը մշտապես ամենաապահով վայրը պետք է լինի, պատերազմական ժամանակահատվածում՝ առավել ևս: Այնպիսի մթնոլորտ ստեղծեք, որ երեխան իրեն ձեր պատերի ներսում կամ Ձեր ներկայումթյամբ ցանկացած այլ վայրում իրեն առավելագույնս պաշտպանված զգա:
3. Սահմանափակեք նորությունների քանակը:
Չպետք է թաքցնեք Ձեր երեխայից, թե ինչ է կատարվում աշխարհում, սակայն պարտավոր եք ամեն կերպ թույլ չտալ, որ երեխան թերթերում կամ լրատվական հաղորդումների ընթացքում հանդիպի սահմռկեցուցիչ լուսանկարների, տեսահոլովակների և այլն: Վերահսկեք նրանց մուտքերը համացանց: Աշխատեք միայն համատեղ դիտել լրատվական հաղորդումները և այդ դիտումները ուսուցողական դարձնելու նպատակով միասին քննարկեք, թե ինչ տեսաք կամ լսեցիք:
4. Պատերազմական իրավիճակում կազմեք առօրյա գործերի քարտեզ (ցուցակ) և խստորեն հետևեք դրան:
Երբ արտաքին աշխարհն այդչափ անկայուն ու փոփոխական է, երեխայի համար պետք է ստեղծել կայուն ու գրեթե չփոփոխվող օրվա գրաֆիկ, որը նրան ապահովության ու կայունության զգացողություն կհաղորդի: «Իրերն իրենց տեղում են, ես զբաղվում եմ իմ մշտական գործերով, ուրեմն աշխարհում դեռ ամեն ինչ այնքան էլ վատ չէ»:
5. Խնամեք ինքներդ Ձեզ, որպեսզի ուժ ունենաք խնամելու նաև Ձեր երեխաներին:
Եթե Ձեր մասին հոգ չտանեք, շուտով բոլորովին կկորցնեք ինքնատիրապետումն ու համբերատարությունը, ինչի կարիքը Ձեր երեխան այնքան շատ ունի:
Շարունակելի