«Որքան շուտ նկատեք, որ երեխան երես է առնում, այնքան հեշտ կլինի վերադաստիարակել: Բայց դա կամքի ուժ ու հաստատակամություն է պահանջում»,-նշում է հոգեբան Անահիտ Ստեփանյանը:
Ձեր մեջ ուժ գտնելու համար հիշեք, որ ի վերջո չափազանց պահանջկոտությունն ու ավելորդ կախումը շատ ավելի կվնասեն երեխային, քան ծնողին:
«Երեսառածությունը երեխային տհաճ կդարձնի ինչպես շրջապատի, այնպես էլ իր համար: Դուք երեխային վերադաստիարակում եք հօգուտ նրա»,- ասում է հոգեբանը:
Երեխայի քմահաճույքների գերին է դարձել նաեւ Սուսաննան:
«Երեխան անընդհատ տզտզում է և ձգտում դեպի ինձ` հասկացնելով գրկել: Նրան ասում եմ, որ զբաղված եմ, բայց չի օգնում»,-պատմում է Սուսաննան:
Հոգեբանը խորհուրդ է տալիս այդ պարագայում մեղմ, բայց անառարկելիորեն բացատրել, թե գործ ունեք, որն անպայման պետք է ավարտել:
«Նա ձեր բառերը չի հասկանա, բայց կզգա ձեր ձայնի ելևէջները: Զբաղված մարդու տեսքով շարունակեք ձեր գործը»,-ասում է հոգեբանը:
Ամենադժվարը առաջին օրվա առաջին ժամերն են:
«Կան երեխաներ, որոնք հեշտ են հարմարվում, երբ մայրն իրենց կողքին չէ կամ չի խոսում իրենց հետն և ինքնուրույն զբաղվում են այլ բանով: Մեկ ուրիշն ավելի հանգիստ է զգում, երբ գոնե տեսնում է մորը կամ լսում ձայնը, եթե նույնիսկ մայրը չի գրկում իրեն»,- ասում է հոգեբանը:
Երբ որոշեք, որ ժամանակն է մի քիչ խաղալ նրա հետ, նստեք նրա մոտ` հատակին: Թույլ տվեք նրան` բարձրանա ձեր ծնկներին, բայց մի գրկեք:
«Երբ դուք նրա հետ նստած եք հատակին, և նա ի վերջո հասկանում է, որ ոչ մի տեղ չեք գնա, կարող է նույնիսկ չորեքթաթ հեռանալ ձեզանից: Իսկ եթե գրկեք նրան ու ման գաք, նրան հատակին դնելու ձեր ամենաթույլ փորձն իսկ դժգոհություն կառաջացնի: Եթե ձեզ հետ նստած ժամանակ էլ նա շարունակում է տզտզալ, նորից ինչ-որ գործով զբաղվեք, ուշադրություն մի դարձրեք, բայց նրան մենակ մի թողեք»,-նշում է մասնագետը:
Լիանա Հովհաննիսյան