Շատ ծնողների համար գրեթե անհնար է երեխաների հետ խանութ գնալ, առավել ևս գնումներ կատարել:
27-ամյա Մարինեն մեկն է այդ ծնողներից. «Խանութ գնալ տղայիս հետ անհնար է, վերցնում է այն ինչ ցանկանում է, իսկ երբ ցանկանում եմ բացատրել, որ գումար չկա մի ուրիշ անգամ,սկսում է լաց լինել»:
Ինչպես Մարինեն, այնպես էլ շատ ծնողներ, ելնելով ֆինանսական վիճակից շատ անգամ չեն կատարում երեխայի ցանկությունը, չգնելով այս կամ այն իրը:
Հոգեբան Մարինե Պետրոսյանը բացատրում է, որ երեխաներին դեռ փոքր տարիքում պետք է սովորեցնել որոշ սահմանափակումների, քանի որ կյանքը նույնպես ունի սահմանափակումներ:
«Դա վերաբերվում է կյանքի տարբեր ոլորտներին, այդ թվում նաև երեխայի որոշ ցանկություններին, որոնք այդ պահին հնարավոր չէ իրագործել»,-ասում է նա:
Նա նշեց,որ այդ սահմանափակումները կարելի է տարբեր կերպ անել, կախված երեխայի տարիքից:
«Եթե երեխան տարիքով փոքր է, նրա ուշադրությունը կարելի է հեշտությամբ շեղել և զբաղեցնել այլ բանով կամ գնել այլ իր, որն այդ պահին ավելի հասանելի է, իսկ եթե նրա տարիքն ավելի է քան 3,4-5 տարեկանը, ապա պիտի փորձել նրա հետ պայմանավորվել մինչ խանութ գնալը, ինչը կարելի է գնել, ինչը ոչ», ժավելացրեց հոգեբանը:
Արդեն խանութում երեխայի լրացուցիչ պահանջների դեպքում հոգեբանը ծնողներին խորհուրդ է տալիս ինչ-որ ժամանակով հետաձգել գնումը, դուրս գալ խանութից և բացատրել նրան` ինչու այդ պահին հնարավոր չէ գնել այն իրը, որը ցանկանում է երեխան:
« Նրան անպայման բացատրեք, որ իր ցանկությունները Ձեր կողմից չեն անտեսվում , դրանք անպայման կկատարվեն ավելի հարմար պահի և ցույց տվեք Ձեր մտահոգությունը նրա կարիքները հոգալու հարցում»,-ասում է Պետրոսյանը:
Ըստ հոգեբանի ավելի մեծ տարիքում կարելի է երեխային որոշակիորեն մասնակից դարձնել ընտանեկան բյուջեի հետ կապված քննարկումներին:
Անի Ասատրյան