3-ից 5 տարեկան հասակում երեխաներից շատերը գոնե մեկ անգամ կծում են իրենց հասակակակցին: Մեծանալով՝ երեխաներն այլեւս կծելով չեն արտահայտում իրենց զգացմունքները եւ կարողանում են դրանց մասին բարձրաձայնել: Իսկ ահա այդ տարիքում կծելը սովորական երևույթ է:
Երեխաները կծում են, երբ ուզում են հաղթահարել վախը, զայրույթը, հիասթափությունը: Կամ կծում են, որովհետև ինչ-որ մեկը կծեց: 3-ից 5 տարեկան երեխաները հաճախ կռվի ժամանակ են կծում, եթե հայտնվում են անելանելի վիճակում:
Մեծ փոփոխությունների հաղթահարման փուլում (նոր երեխայի ծնունդ, նոր տուն) հնարավոր է երեխայի մոտ լինի հիասթափություն, որը կարող է դրսևորվել ագրեսիվ վարքագծով: Երբեմն նրանք կծում են, որովհետև ոգևորված են կամ արտահայտում են իրենց սերը:
Ամերիկացի դաստիարակ-մանկավարժ Ջենիս Կայսերն օրինաչափ է համարում փոքրիկի՝ կծելով զգացմունքներն արտահայտելու սովորույթը, բայց եւ խորհուրդ է տալիս ծնողներին չանտեսել այն: Մասնագետը հորդորում է ծնողներին փորձել հասկանալ՝ ինչ է կատարվում երեխայի հետ: Ըստ նրա՝ ծնողի նպատակը պետք է լինի ոչ թե ուղղակի արգելել այդ վարքագիծը, այլ նպաստել վարքագծի շտկմանը:
Ի՞նչ անել , երբ երեխան կծում է.
Վստահ եղի՛ր, որ երկու երեխաներն էլ ապահով են. Առաջինը՝ բաժանի՛ր նրանց և համոզվի՛ր, որ այլեւս չեն կծի իրար:
Մի զայրացի՛ր, սահմանի՛ր արգելքներ և մի՛ մեղադրիր կամ պատժիր. Պարզ և մատչելի բացատրի՛ր նրան, որ կծելը ցավեցնում է և չպետք է կծել: Եվ երբեք մի՛ պատժիր: Այն ոչ միայն չի կանխի, այլեւ կավելացնի ագրեսիան փոքրիկի վարքում:
Օգնի՛ր երկուսին էլ. Օգնի՛ր և՛ տուժածին, և՛ կծողին: Անուշադրության մի՛ մատնիր երեխային, ով ինքն է կծել: Նա կարող է ձևացնել, թե իրեն չի հետաքրքրում կատարվածը, կամ տեղյակ չէ, որ ցավացրել է: Բայց նա շատ լավ գիտի, թե ինչ է արել: Երբ նրա հանդեպ լինում ես ջերմ ու հոգատար, նա արտահայտում է իր զգացմունքները և խոստովանում է, թե ինչն է զայրացրել և ճնշել նրան:
Խոսի՛ր կատարվածի մասին. Երբ արդեն զայրույթդ անցել է, հարմար պահ գտիր և հարցեր տուր: Նաեւ բացատրիր, թե ինչպես կարող ես մեկին ասել, որ զայրացած ես՝ առանց վնասելու նրան, ինչպես կարող ես օգնություն խնդրել մեծից, երբ քեզ դուր չի գալիս ընկերներիդ վերաբերմունքը:
Աղբյուրը՝ babycenter.com