Որոշ երեխաների մոտ 3 տարեկանի ճգնաժամը թեթև և աննկատ է անցնում, սակայն երեխաների մեծամասնությունը այս տարիքում դառնում են կամակոր և չարաճճի:
Պարտադիր չէ, որ ճգնաժամը դրսևորվի հենց երեք տարեկանում, այն կարող է ի հայտ գալ 2,5 կամ 4 տարեկան հասակում:
Երեք տարեկանի ճգնաժամի պատճառները
Երեք տարեկանում երեխան սկսում է հասկանալ, որ ինքն անհատականություն է: Նա ընտանիքի լիիրավ անդամ է, այնպես, ինչպես մայրիկն ու հայրիկը: Այժմ «Հայկը կոնֆետ է ուզում» ասելու փոխարեն երեխան ասում է. «Ես կոնֆետ եմ ուզում»: Երեխան սկսում է ամբողջությամբ կրկնօրինակել մեծահասակներին, նմանվել նրանց:
Այժմ նա ամեն ինչ ուզում է ինքնուրույն անել: «Ես ինքս». ահա այսպես կարելի է բնորոշել ճգնաժամային այս շրջանը:
Երեխան այլևս չի լսում ծնողներին, կամակորություն է անում, հակաճառում նրանց: Սկսում է ինչ-որ բան պահանջել ոչ այն պատճառով, որ շատ է ուզում դա, պարզապես ստուգում է` հաշվի նստո՞ւմ են արդյոք իր կարծիքի հետ, մեծահասակները իրեն որպես ընտանիքի լիիրավ անդամ ընդունո՞ւմ են:
Երեխան ձգտում է ինքնուրույն հագնվել և հանվել, չնայած որ դեռ լավ չի կարողանում դա անել: Հաճախ երեխան դառնում է ագրեսիվ և կռվարար:
Փոքրիկն ուզում է, որ իր հետ էլ խորհրդակցեն, հարցնեն իր կարծիքը. ամեն ինչ այնպես, ինչպես մեծահասակների հետ: Այդ իսկ պատճառով էլ ամեն գնով փորձում է ինքնուրույնության հասնել:
3 տարեկանի ճգնաժամի դրսևորումները
Համառություն. ցանկանալով հասնել իր ուզածին, երեխան դադարում է լսել մեծահասակներին:
Խանդ, դեսպոտիզմ. երեխան սկսում է ինքը որոշել, թե կպառկի արդյոք քնելու, թե ոչ, կուտի այս, թե մյուս կերակուրը, կարելի է, որ մայրիկը գնա և ինքը մնա տատիկի հետ: Եթե այս տարիքի երեխան նաև եղբայր կամ քույր ունի, ապա նրանց նկատմամբ էլ խանդ կզգա:
Ժխտողականություն. սա մեծահասակներին հակադրվելն է: Եթե նրան ինչ-որ բան են խնդրում, նա անպայման ճիշտ հակառակն է անում կամ էլ ընդհանրապես չի լսում: Եթե երեխային ստիպեք ինչ-որ բան անել, նա անընդհատ կհահառակվի և մեծահասակների հետ վեճի մեջ կմտնի:
Արժեզրկում. այն ամենը, ինչ նախկինում թանկ էր երեխայի համար, այժմ դառնում է ոչ կարևոր ու անհետաքրքիր: Նա կարող է հանգիստ կոտրել իր սիրելի խաղալիքը, կամ այլևս չուզենա գնդակ խաղալ, լողանալ և այլն:
Փոխգործակցություն. երեքամյա երեխան արդեն ընկալում է իր հասակակիցներին և սկսում նրանց հետ խաղալ:
Ագրեսիվություն. երեխային բարկացնում է ցանկալին ստանալու անհնարինությունը և նա դառնում է ագրեսիվ: Օրինակ, մայրիկը կոնֆետ չի տվել, դրանից երեխան բարկանում է ու դեն նետում խաղալիքները:
Թվարկված նշանները պարտադիր չէ, որ բոլորն ի հայտ գան. ոմանք այս շրջանը թեթև ու գրեթե աննկատ են տանում:
Շարունակելի: Հաջորդ հրապարակման մեջ կներկայացնենք, թե ինչպես պետք է վարվեն ծնողները այս ճգնաժամային շրջանում
Նյութն ըստ supermams.ru կայքի