Դաստիարակության ոսկե կանոնն է. խրախուսիր լավը, անտեսիր վատը: Շատ ծնողների համար դա ուղղակի անհեթեթություն է: Նրանք չեն պատկերացնում` ինչպես կարելի է անտեսել վատ վարքը և միայն խրախուսել լավ արարքները:
Պարզվում է, որ երեխայի վարքում որևէ բան ամրագրելու համար բավական է միայն մեծ ուշադրության արժանացնել այդ երևույթը: Իրականում` կարևոր չէ, թե ինչ ձևով դուք դա կանեք` զայրանալով, թե` սիրելով: Նույն սկզբունքով ամրանում են երեխայի վատ սովորությունները, որոնց համար ծնողներն ու մեծահասակները խիստ զայրանում են, սպառնում կամ վախեցնում երեխային: Նրանք անընդհատ զարմանում են, որ ոչինչ չի փոխվում. երեխան շարունակում է մատիկը քիթիկը տանել: Երեխայի վարքին ուշադրություն դարձնելու մի ձև է նաև պատիժը, որը փաստորեն, ոչ միշտ է օգնում երեխային դաստիարակել, այլ, հակառակը, շատ դեպքերում խանգարում է: Մեր փորձը ցույց է տալիս, որ ծնողներն ավելի հաճախ պատժում են երեխային, որովհետև նրա վարքի վրա ազդելու այլ միջոց չգիտեն կամ չեն գտնում այդ պահին: Սակայն կան միջոցներ, որոնք արդյունավետ փոխարինում են պատժին և օգնում երեխային տեսնել իր վարքի թերություններն ու ուղղել դրանք առանց հոգեկան ցնցումների:
1.Փնտրեք թաքնված պահանջմունքներ:
Երեխայի վատ վարքը միշտ իր հիմքում ունի չբավարարված պահանջմուքներ: Ուշադիր ծնողները միշտ հասկանում են, թե ինչ է ուզում երեխան ցույց տալ իր վարքով: Ավելի հաճախ երեխաները ուշադրության պակաս են ունենում, և բավական է լինում նրանց գրկել, փաղաքշել մի փոքր և նրանք խաղաղվում են:
2.Ինֆորմացիա տվեք երեխային և բացատրեք պատճառները:
Եթե երեխան նկարում է պատին, պետք է բացատրել նրան, թե ինչո՞ւ են մարդիկ նկարում միայն թղթի վրա, և ինչո՞ւ չի կարելի նկարել պատին:
3.Փնտրեք թաքնված զգացմունքներ:
Ընդունեք, հանդուրժեք և լսեք երեխայի զգացմունքները: Եթե երեխան հրում և հարվածում է դասընկերոջը, ընդունեք, որ նա զայրացած է և օգնեք իր զայրույթն արտահայտել ավելի ընդունելի ձևերով: Գուցե պետք է գոռալ և խոսքերով արտահայտել զայրույթը:
4.Փոխեք երեխային շրջապատող միջավայրը:
Երբեմն դա ավելի հեշտ է, քան փորձել փոխել երեխային: Օրինակ` եթե երեխան անընդհատ ինչ-որ իրեր է հանում խոհանոցային պահարաններից, ավելի հեշտ է դրանք փակել այնպես, որ նա չկարողանա բացել:
5.Գտեք ընդունելի այլընտրանքներ:
Ուղղորդեք երեխայի վարքն ուրիշ ուղղությամբ: Օրինակ` եթե չեք ուզում, որ ձեր երեխան լեգոներով խաղա խոհանոցում, ապա ցույց տվեք նրան, թե որտեղ կարող է դա անել:
6.Ցույց տվեք երեխային, թե ինչպես կցանկանայիք, որ նա իրեն պահի:
Եթե երեխան կատվի պոչից քաշում է, ցույց տվեք նրան, թե ինչպես է պետք սիրել կատվին: Մի հենվեք միայն խոսքերի վրա:
7.Ցանկալի է ընտրություն տալ, այլ ոչ` ցուցումներ:
Որոշումների կայացումն ամրացնում է երեխաներին, ցուցումները դիմադրություն են առաջացնում: Օրինակ.
- Դու ուզում ես ատամները լվանալ գիշերանոցը հագնելուց առա՞ջ, թե՞ հետո:
8.Փոքր զիջումների գնացեք:
Օրինակ` «ես թույլ եմ տալիս, որ դու այսօր չլվանաս ատամներդ, որովհետև շատ հոգնած ես»:
9.Ժամանակ տվեք նախապատրաստվելու
Եթե դուք հյուրեր պիտի ունենաք, բացատրեք երեխային ինչպիսի վարք եք ակնկալում իրենից, ինչպես կուզենաք, որ ինքը իրեն պահի:
10.Թույլ տվեք, որ տեղի ունենա, այն ինչ պետք է տեղի ունենա:
Չափից շատ մի պաշտպանեք, մի խնայեք, մի ուղղեք սխալները: Օրինակ` երեխան, որը չի լվացել և չի կախել իր լողազգեստն ու սրբիչը, վաղը կարող է այն գտնել դեռևս թաց վիճակում: Մեկ անգամ կարելի է չհիշեցնել դասերը պատրաստելու մասին: Երեկոյան ուշ կհիշի ինքը կամ հաջորդ օրը անբավարար ստանալուց հետո կգնահատի ինքնուրույնության կարևորությունը:
11.Տեղեկացրեք ձեր զգացմունքների մասին:
Թույլ տվեք երեխաներին իմանալ, թե ինչպես է ձեզ վրա ազդում նրանց վարքը: «Ես շատ եմ հոգնում գետնին թափված խաղալիքները հավաքելիս, խմդրում եմ հավաքիր դրանք խաղալուց հետո»:
12.Գործողություններ արեք, երբ անհրաժեշտ է:
Եթե երեխան ուզում է վազել փողոցում, նրա ձեռքից ամուր բռնեք` ընթացքում բացատրելով վտանգների մասին: Դեպքեր կան, երբ պետք է անդրդվելի լինել. դրանով երեխան կհասկանա հարցի լրջությունը:
13.Ամուր բռնեք երեխաներին:
Երեխան, որը իրեն ագրեսիվ ու անտանելի է պահում, լավ է ամուր բռնել նրան, թույլ չտալով վնասել կամ հարվածել ձեզ, միևնույն ժամանակ սիրով և սատարելով: Դա կօգնի երեխային ուղղել իր թաքուն զգացմունքները դեպի արցունքներ և զգացմունքների արտահայտման ավելի ընդունելի ձևեր:
14.Հեռացրեք երեխային կոնֆլիկտային իրավիճակից և մնացեք նրա հետ:
Օգտագործեք այդ ժամանակը նրան լսելու, նրա զգացմունքները կիսելու, օգնելու և սատարելու համար: Սովորաբար ծնողները հակառակն են անում, երեխային պատժում են մենակ թողնելով, սենյակում կամ հետը չխոսելով: Իրականում ամենալուրջը և ընկալունակը երեխան կարող է լինել հենց այս պահերին: Մնացեք նրա կողքին խոսեք իր արարքների վտանքների մասին, ձեր զգացմուքնների, իր ապրումների մասին: Խոսեք մտերիմ ընկերների նման:
15.Միասին խաղացեք:
Շատ կոնֆլիկտային իրավիճակներ կարելի է վերածել խաղի: Եթե երեխաները աղմկում են ուտելիս, կարելի է նրանց հետ խաղալ սրճարան և ընկերաբար գալ, խնդրել լռություն պահպանել մյուս հաճախորդներին չխանգարելու համար: Նրանք կծիծաղեն և հաճույքով քաղաքավարի հաճախորդների դերը կկակատարեն:
16. Կոնֆլիկտները հաճախ լուծեք ծիծաղով:
Եթե ձեր երեխան զայրացած է ձեզ վրա, առաջարկեք նրան արտահայտել իր զայրույթը ձեզ հետ բարձերով պատերազմ խաղալով: Խաղացեք ձեր դերն իրական, պարտվեք դրամատիկ ձևով: Ծիծաղն օգնում է զայրույթը դուրս բերել, հաղթահարել անօգնականության զգացումը:
17.Պայմանագիր կնքեք, երկխոսություն վարեք:
Եթե դուք ուզում եք խաղահրապարակից հեռանալ, իսկ երեխան դեռ ուզում է խաղալ, պայմանավորվեք նրա հետ, թե քանի անգամ կարող է նա սահել գնալուց առաջ:
18.Ընտրեք կոնֆլիկտի երկուստեք ընդունելի լուծում:
Քննարկեք երեխայի հետ կոնֆլիկտը, խնդրեք նրան լուծումներ առաջարկել: Քննարկեք բոլոր լուծումներն ու դրանց հետևանքները: Ասեք երեխային ձեր լուծումների մասին` հիմնավորելով դրանց անհրաժեշտությունը: Միասին կանոններ սահմանեք:
19.Վերանայեք ձեր սպասելիքները:
Փոքր երեխաները ուժեղ զգացմունքներ են ունենում, այդ պատճառով բնական է նրանց համար լինել աղմկոտ, հետաքրքրասեր, անփույթ, կամակոր, անհամբեր, պահանջկոտ, մոռացկոտ, ստեղծագործ, վախկոտ, էգոիստ ու էներգիայով լի: Փորձեք ընդունել նրանց այնպիսին ինչպիսին, որ կան:
20.Ընդմիջում արեք:
Դուրս եկեք սենյակից և փորձեք անել այն, ինչ օգնում է ձեզ վերականգնել հավասարակշռությունն ու խաղաղ հոգեվիճակը:
«Երկուսով» հոգեբանական կենտրոն
«Իմ փոքրիկ»-ը և «Երկուսով» հոգեբանական կենտրոնը նոր համագործակցություն են սկսում: Այսուհետ պարբերաբար հոգեբանական կենտրոնի հիմնադիր Անուշ Ալեքսանյանը մեր ընթերցողներին հետաքրքրող թեմաներով հրապարակումներ կներկայացնի: