Երեխան խոսել սովորում է առաջին հերթին ծնողներից, իսկ այսօրվա ծնողը, շատ զբաղված լինելով, երբեմն քիչ ժամանակ է տրամադրում բալիկին, ինչի պակասը լրացվում է գաջեթների հաշվին։
«ԱրԲեՍ» առողջության կենտրոնի լոգոպեդ Քրիստինա Խառատյանի բնութագրմամբ՝ խոսքն ամենից երկարատև ձևավորվող հմտություններից է, և վաղ տարիքում բարձր տեխնոլոգիաների օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ դրա զարգացման վրա կամ նույնիսկ զրոյական դարձնել բանավոր հաղորդակցման պահանջմունքը: Բժշկագիտական և մանկավարժական բազում հետազոտություններ փաստում են՝ մանկական ուղեղը (հատկապես մինչև 3 տարեկանը) ի վիճակի չէ տեխնիկական միջոցներով ընկալել ու յուրացնել խոսքը, որի հետևանքով հապաղում է փոքրիկի խոսքի զարգացումը:
Գրեթե բոլոր մայրիկներն ու տատիկները ենթագիտակցաբար խոսքի զարգացման փուլայնությունն ապահովող գրագետ խաղիկներ են խաղում երեխաների հետ՝ սկսած ծննդյան առաջին իսկ օրից։ «Երբ ուսումնասիրում ենք վաղ մանկության խաղերն ու հնարները, ակնհայտ է դառնում, որ դրանք կրում են սոցիալական փոխհարաբերությունները, նմանակումները զարգացնող, ինչպես նաև ճանաչողական բնույթ։ Օրինակ՝ ծափիկ-ծափիկը, բո-ծիկը, մարմնի մասերն ուսուցանող խաղերը, որոնք աստիճանաբար հարստացվում են բանաստեղծություններով, մանկական երգերով և հեքիաթներով»,- նշում է լոգոպեդը։ Վերջինները դրական դերակատարում կարող են ունենալ, երբ երեխայի համար սկսում է ընկալելի դառնալ խոսքի շարահյուսական կողմը: Մայրիկը սկսում է բանաստեղծությունը, փոքրիկը դադարում է պարզապես կրկնել այն և փոխարենը շարունակում է, սկսում է ձևավորվել կապակցված խոսքը։ Իսկ երգերի մեղեդայննությունն առավել մատչելի է դարձնում նյութի մաս-մաս ընկալումը և մասից ամբողջին գնալը։ Մասնագետն ասում է՝ երգերի կիրառությունը կարևորվում է նաև կակազության հաղթահարման ժամանակ կամ նյարդահոգեբանական տարբեր խնդիրներով երեխաների հետ աշխատանքում՝ երաժշտաթերապիայի շրջանակներում։