Ի՞նչ պետք է անի ծնողը, երբ երեխան փոքր իր է կուլ է տվել

Ներկայացնում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Սոնա Եգանյանը:

Քիչ չեն դեպքերը, երբ երեխաները կուլ են տալիս իրենց տեսադաշտում հայտնված փոքր իրերը՝ մետաղադրամ, մարտկոց, խաղալիքի պլաստմասե դետալներ և ուլունքներ: Որոշ առարկաներ, որոնք հայտնվում են փոքրիկի ներսում, առանց որևէ խնդրի անցնում են մարսողական համակարգով ու դուրս գալիս կղանքի միջոցով: Սակայն կարող է պատահել այնպես, որ կուլ տված առարկան մնա կերակրափողում և առաջացնի սնունդը կուլ տալու դժվարություն: Բացի այդ, ջրազրկում, ցավ կրծքավանդակի, պարանոցի շրջանում:  Երբեմն առարկան կարող է մնալ նաև հենց ստամոքսում կամ աղիներում:

Բալիկին անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն, եթե առկա են շարունակական փսխումներ, որովայնի ցավ, արյուն փսխման զանգվածում ու կղանքի մեջ, ջերմություն: Եթե ​​ երեխան հազում է և դժվարանում է շնչել, առարկան, ամենայն հավանականությամբ, գտնվում է նրա շնչուղիներում: Այսպիսի պարագայում նույնպես պետք է անհապաղ դիմել մասնագետի: Կախված երեխայի վիճակից ու առարկայի գտնվելու վայրից՝ կարող է իրականացվել միջամտություն, որպեսզի իրը դուրս բերվի:

Հիշե՛ք՝ եթե չեք տեսել, բայց  կասկածում եք՝ փոքրիկը կուլ է տվել մարտկոց կամ մագնիս, չի կարելի դրդել, որպեսզի նա փսխի: Բոլոր դեպքերում խորհրդակցում եք բժշկի հետ և որոշում հետագա քայլերը: