Ինչ է նոր տարին ամենից առաջ ամենաուրախ և ամենասպասված տոնն է տարվա մեջ: Այդ օրը բոլորը հրաշքների են սպասում:
Բոլոր երեխաներն են սիրում ամանորը և անհամբերությամբ են սպասում այն օրվան, երբ Ձմեռ պապը կբերի նրանց կախարդական նվերները: Այդ իսկ պատճառով երեխաների համար նվերներ ընտրելիս անհրաժեշտ է հիշել, որ նվերը պետք է լինի հիանալի և սպասված: Ցանկալի է երեխային տալ հենց այն նվերը, որը նա ցանկանում է, այլ ոչ թե այն, ինչը ծնողները կցանկանային:
Չէ՞ որ նվերը պետք է որքան հնարավոր է ուրախություն պատճառի նրան, ում համար այն նախատեսված է:
Ի՞ՆՉ ԱՆԵԼ ԵԹԵ ԵՐԵԽԱՆ ՈՒԶՈՒՄ Է ԲԱՎԱԿԱՆԻՆ ԹԱՆԿ ՆՎԵՐ, ԻՍԿ ԾՆՈՂՆԵՐԸ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՄԻՋՈՑՆԵՐ ՉՈՒՆԵՆ
Մի դրդեք երեխային իր ցանկությունները նկարագրել Ձմեռ պապին նամակներում: Երեխաները կարող են մանրամասն նկարագրել նվերի բնութագրիչները և արտաքին տեսքը: Այդ դեպքում ծնողները կարող են ընկնել անհարմար իրավիճակի մեջ: Ավելի լավ է երեխային ասել, որ Ձմեռ պապիկի մոտ արդեն կան հիանալի նվերներ բոլորի համար, այդ նվերները կարող են նույնությամբ համապատսխանել նրա հետ, ինչ երեխան ցանկանում է, սակայն կարող են նաև տարբերվել: Սակայն ցանկացած դեպքում, Ձմեռ պապիկը յուրաքանչյուրին նվեր է պատրաստում: Ծնողների հետագա առաջադրանքն այն է, որ զգոն լինեն և երեխային նվիրեն եթե ոչ ամենաթանկ նվերը, ապա հաստատ երեխայի ճաշակին համապատասխան նվեր:
ԵԹԵ ՆՎԵՐՆ ԱՅՆ ՉԷ, ԻՆՉ ԵՐԵԽԱՆ ԵՐԱԶԵԼ Է
Ընտանիքում միջոցների դեֆիցիտի դեպքում ի սկզբանե հարկավոր է երեխային տրամադրել, որ նվերն ամեն դեպքում անակնկալ է, և, ինչպես ցանկացած անակնկալ, այն անկանխատեսելի է: Համաձայնեք, որ նախապես հայտնի նվերը, թեկուզ և ամենացանկալին, կորցնում է իր հմայքը: Այսպիսի մոտեցումը կազատի երեխային նվերի նկատմամբ կոնկրետ սպասումներից: Նվերի ոչ բավարար արժեքավորությունը կարելի է կոմպենսացնել հատուկ տիպի ձևավորմամբ կամ նվերի հանձնումը խաղով կատարեք:
Եթե երեխան ամեն դեպքում հիասթափված է, ապա պետք է պարզապես լինել նրա կողքին և օգնել նրան վերապրել այդ հիասթափությունը: Զրուցեք երեխայի հետ նրա զգացմունքների մասին:
Հիասթափությունը նույնքան նորմալ զգացմունք է, ինչպես ցանկացած այլ զգացմունք, և չարժե ամբողջ ուժով պաշտպանել երեխային նրանից: Աճի, զարգացման ընթացքում երեխան պետք է բախվի բոլոր, այդ թվում նաև բացասական զգացմունքների հետ, սովորի կարգավորել դրանք:
Պետք չէ վիրավորվել կամ չարանալ երեխայի նկատմամբ, եթե նա չի գնահատել ձեր նվերը: Պարզապես շրջապատեք նրան անվերապահ սիրով և հոգատարությամբ:
Եվ հիշեք, կարևոր չէ, թե քանի տարեկան է ձեր երեխան և թե ինչ նվեր դուք նրան կնվիրեք, գլխավորը սերն է, հոգատարությունը և ուշադրությունը նրա նկատմամբ: Չէ՞ որ տոնի նվերը, ըստ էության, ուշադրության նշան է, բայց այն չի փոխարինի իր ծնողների հոգատարությանը և նրանց սիրով լի աչքերին:
Նյութն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների համար ներկայացրեց հոգեբան-մանկավարժ Մարիամ Սահակյանը