Ձեր փոքրիկն անհանգիստ է, լացում է, ձեռքը տանում դեպի ականջը. սա կարող է նշանակել, որ ցավում է փոքրիկի ականջը:
Ականջի ցավի պատճառ կարող է լինել արտաքին լսողական ուղու բորբոքումը, որը կոչվում է նաև «լողորդի ականջ» և միջին ականջի բորբոքումը: Երբեմն ականջացավի հետ շփոթում են հարականջային գեղձի բորբոքումը, օրինակ խոզուկի ժամանակ, կամ ատամնացավը, քանի որ երբեմն երեխան չի կարողանում հստակ ցույց տալ, թե որ տեղն է ցավում:
Կարևոր է նկատել ախտանիշերը, որպեսզի ժամանակին կանխվի հիվանդությունը: Եթե երեխան խոսում է, նա կասի, որ ցավում է ականջը, իսկ ավելի փոքրերը լացում են, ձեռքը տանում դեպի ականջը: Ուստի մայրիկները պետք է ուշադիր լինեն` հասկանալու, թե ինչն է անհանգստացնում երեխային:
Միջին ականջի բորոքումը հաճախ ուղեկցում է շնչառական վարակներին և ընթանում է ինքնազգացողության վատացմամբ և ջերմության բարձրացմամբ: Միջին ականջում հեղուկի կուտակումը կարող է լսողության ժամանակավոր վատացման պատճառ դառնալ: Միջին ականջի բորբոքման դեպքում, երբեմն թմբկաթաղանթը պատռվում է, և ականջից դեղնավուն հեղուկ կամ թարախ է արտահոսում:
Բուժման համար նախ պետք է դիմել մանկաբույժին, իսկ անհրաժեշտության դեպքում քիթ-կոկորդի բժշկին: Առանց բժշկի խորհրդի ականջի մեջ ոչինչ մի կաթեցրեք: Խստորեն հետևեք բժշկի ցուցումներին: Սովորաբար ջերմությունն իջնում և ցավը մեղմանում է 3 օրվա ընթացքում, բայց բուժումը անհրաժեշտ է այնքան ժամանակ, որքան նշանակել է բժիշկը, այլապես հիվնադությունը կարող է կրկնվել:
Նյությում օգտագործվել են տեղեկություններ «Մեկից երեք տարեկան երեխայի խնամքը» գրքից, Հայաստան, 2002թ