Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արմինե Ֆանյանը:
Ե՞րբ պետք է կտրել փոքրիկի մազերը:
Փոքրիկի մազերի առաջին կտրվածքը կարելի է անել առաջին տարին լրանալուց հետո։ Իհարկե, այն դեպքերում, երբ փոքրիկի մազերը երկար են, ընկնում են աչքերի մեջ և փոքրիկին խանգարում են, պետք չէ սպասել, կարելի է կարճացնել մազերը։ Այնուհետև պետք է պարբերաբար մազերի ծայրերից կտրել, որպեսզի դրանք առողջ ու գեղեցիկ լինեն։
Ճի՞շտ է, արդյոք, կարծիքը, որ երկար մազերն ազդում են երեխայի աճի վրա:
Ցանկալի չէ երեխայի մազերը երկարացնել մինչև 4-5 տարեկանը, քանի որ շատ դժվար է ճիշտ խնամք ապահովել։ Եթե երեխայի օրգանիզմն անբավարար սննդարար նյութեր է ստանում, դա անդրադառնում է նաև մազերի վրա. դրանք դառնում են անփայլ, փխրուն, ծայրերը՝ ճյուղավորված, թափվում են և չեն երկարում։ Իսկ առողջ և երկար մազերը վկայում են օրգանիզմի առողջության մասին, և չեն կարող աճի խանգարման պատճառ լինել: Եթե երեխան ստանում է անհրաժեշտ քանակությամբ վիտամիններով և հանքային նյութերով հարուստ սնունդ։
Պե՞տք է, արդյոք, սափրել գլուխը:
Կա կարծիք, որ երեխայի գլուխը սափրելով՝ մազերի որակը լավանում է: Իհարկե, դա այդպես չէ։ Մազերի որակական հատկանիշները պայմանավորված են գենետիկայով։ Սափրելուց դրանք չեն փոխվում, բայց այդպես կարող եք վնասել երեխայի գլխի նուրբ մաշկը: Եթե երեխայի մազերը բարակ և նոսր են, կարելի է պարբերաբար կտրել մազերը։
Ի՞նչ սանրով է հարկավոր սանրել մազերը:
Մազերը կարելի է սանրել գրեթե չոր վիճակում։ Պետք է օգտագործել բնական հումքից սանրեր (փայտ, ոսկոր)։ Սանրի ծայրերը պետք է կլորացված լինեն, որպեսզի սանրելիս մաշկը չվնասվի: