Արդեն մեկ տարեկան երեխան քայլելուց կարողանում է պահպանել հավասարակշռությունը և ավելի շարժուն է դառնում:
Զարգանում է և մանր մոտորիկան` փոքրիկը հստակ բռնում է իրերը, ուտում է գդալով, թերթում է գրքի էջերը, խորանարդիկներից աշտարակ է կառուցում: Երբ լրանում է փոքրիկի երկու տարին, նա արդեն կարողանում է ինքնուրույն վեր ու վար անել աստիճաններով, մագլցել մեծ աթոռի վրա, ձեռքով և ոտքով հարվածել գնդակին:
Այս շրջանում երեխայի մոտ մեծահասակների խոսքը կրկնօրինակելու ունակությունն է զարգանում, ինտենսիվ զարգանում է նաև խոսքի ընկալումը, ակտիվ խոսքը: Տարին լրանալուն հաջորդող ամիսներին ավելի ու ավելի հաճախ ինքնուրույն օգտագործում է իմաստավորված բառեր: Հիմնականում դա կապված է իրեն ուրախացնող կամ զարմացնող իրավիճակների հետ, օրինակ, մայրիկի գալը կամ սիրելի խաղալիքը ցուցադրելը: Սակայն մինչև 1,6 տարեկան հասակը, երեխայի արտասանած բառերը միշտ չէ, որ արտահայտում են տվյալ առարկայի իրական անվանումը: Հաճախ միմյանց հետ կապ չունեցող իրերը երեխան կարող է նույն բառով կոչել: Փոքրիկն օգտագործում է բառերի հեշտացված, կրճատված տարբերակը կամ ձայնային կրկնօրինակումով կոչում առարկան: Ընկալումը առաջ է անցնում խոսքից: Երեխան կարող է մեծահասակի խնդրանքով գտնել իրեն ծանոթ խաղալիքը, իսկ արդեն 1,3 տարեկան հասակում կարող է կատարել պարզագույն առաջադրանքներ:
Մինչև 1,6 տարեկան հասակը երեխաների մոտ բառակապակցություններով խոսքը բացակայում է: Համապատասխան իրավիճակում տվյալ ֆունկցիան կատարում է մեկ բառանի նախադասությունը կամ ձայնային կրկնօրինակումը: Այս ամենը երեխայի մոտ ի հայտ է գալիս 1,2 -1,6 տարեկան հասակում:
1,6 տարեկանից սկսած երեխան սովորաբար սկսում է կիրառել երկու բառանի նախադասություններ (օրինակ, մամա տուր, տատա արի և այլն): Իսկ արդեն 1 տարեկան 10 ամսական հասակում երեխան օգտագործում է 2-3 բառանի նախադասություններ, սակայն դրանցում բառերը դեռևս քերականորեն կապակցված չեն:
Մեկուկես տարեկան հասակում երեխայի բառապաշարը 50-70 բառ է կազմում, հիմնական մասը գոյականներ են` խաղալիքների, շրջապատող առարկաների անվանումներ, անուններ, ածականներ, ավելի հազվադեպ բայեր և անձնական դերանուններ:
Արդեն երկու տարեկան հասակում երեխայի բառապաշարը հարստանում է` 100-300 բառ:
Ավելի վաղ հասակի մասին կարդացեք այստեղ
Նյութն ըստ ourkids.ru կայքի