Հասարակ ու պարզ, բայց շատ օգտակար խաղերը կօգնեն երեխային ծանոթանալ շրջապատող աշխարհին:
Այս խաղերը նպաստում են տրամաբանության և սոցիալական հմտությունների զարգացմանը:
Որտե°ղ
Ամենահասարակ բառախաղը կարող եք սկսել խաղալ երեխայի հետ 7 ամսական հասակից: Մայրիկը հարցնում է երեխային՝ «որտե՞ղ է արևը» ( հատակը, ծառը, դուռը), իսկ երեխան ցույց է տալիս այն: Եթե ճիշտ է մատնացույց անում, մեծն ուրախությամբ հաստատում է: Եթե երեխան չի իմանում, մեծն ինքն է ցույց տալիս առարկան և ասում «ահա արևը»:
Երեք տարեկանն էլ հաճույքով մասնակցում է այս խաղին, միայն պետք է ընտրել ավելի բարդ առաջադրանք: Փողոցում քայլելիս երեխային հարցրեք՝ որտեղ է փոստարկղը, կանգառը, յասամանի թուփը, մթերային խանութը և այդպես շարունակ:
Ով ինչպես է կանչում
Մեծահասակը թվարկում է կենդանիների անունները և արտաբերում է դրանց բնորոշ ձայները: Աստիճանաբար երեխան սկսում է ոչ միայն լսել, այլև կրկնել այդ ձայները: Դրանից ստացվում է խաղ. մեծահասակն ասում է՝ «գորտը», երեխան ասում է «կվա-կվա», «աքաղաղը»`«ծու~-ղրու~-ղու~» և այլն:
Ուտելի և ոչ ուտելի
Մեծը թվարկում է երեխային ծանոթ տարբեր առարկաներ (մահճակալ, տուն, կոնֆետ, ամպ, կաթիկ և այլն): Այն պահին, երբ մեծահասակն արտաբերում է ուտելի մթերքի անուն, երեխան պետք է ասի` «նյամ» կամ ծափ տա:
Մարմնի մասեր
Մեծահասակը ցուցամատով թխկթխկացնում է սեղանին կամ իր ծնկին և ասում՝ «կաթում է, կաթում է անձրևը և հիմա կթռչի քիթիկիդ վրա» (ձեռքիդ, փորիկիդ, ծնկիդ): Երեխան այդ պահին պետք է ափով փակի քիթը (ձեռքը, փոքրիկը, ծունկը): Եթե նա դա չի անում, մեծը ցույց է տալիս երեխայի քիթը և ասում՝ «անձրևի կաթիլ՝ քթի վրա»:
Սովորելով մարմնի հիմնական մասերը` աստիճանաբար ավելացրեք և մյուս մասերը (դաստակը, անրակը և այլն):
Շարունակելի