Զարգացնող խաղերի հետ կապված առասպելներ. մասնագետը բացատրում է, թե որոնք են խաղալիքի մասին սխալ պատկերացումները

Որո՞նք են զարգացնող խաղերը և ի՞նչ գիտենք մենք դրանց մասին. այս և այլ հարցերի պատասխանները կտա  «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

 

Ինչ խոսք, երեխաները սիրում են խաղալիքներ և խաղեր: Իսկ երեխայի զարգացման գործում նրանց դերը բավականին մեծ է: Այժմ գոյություն ունեն բազմաթիվ սխալ, թյուր ըմբռնումներ զարգացնող խաղերի և առհասարակ երեխայի զարգացման մասին: Այդ թյուր պատկերացումները լիովին կարող են ճիշտ համարվել շատ գրքերում, բիզնեսով զբաղվող տարբեր զարգացման կենտրոններում, մանկապարտեզներում և քոլեջներում: Այդ պատճառով ծնողների մեծ մասը հեշտությամբ ընդունում է դրանք՝ որպես անհերքելի ճշմարտություններ:

 

Հոգեբանը ներկայացնում է այն առասպելները, թյուր ըմբռնումները, որոնք գոյություն ունեն զարգացնող խաղերի մասին:

 

Առասպել 1

Զարգացնող խաղերը սովորեցնում են.

 

·         «Զարգացնող կենտրոնները», որոնք լեզուներ են սովորեցնում նախադպրոցականներին, բնական գիտություններին են ծանոթացնում, զարգացնում են երեխայի տարբեր հմտությունները:

·         Երեխայի վաղ զարգացմանն ուղղված գրքերը, որոնք առաջարկում են տարբեր մեթոդներ երեխայի այս կամ այն ունակությունը զարգացնելու համար, լեզուներ սովորեցնելու, հիշողությունը զարգացնելու համար և այլն, անկախ նրանից, ընդունակություն են զարգացնում, թե գիտելիք փոխանցում, էությունը չի փոխվում:

·         Այս բոլորին հետևելով՝ կամ ծնողները, կամ հատուկ հաստատությունների մասնագետները, մանկավարժները, նստեցնում են «զարգացնելու»:

·         Ուսուցումն իր հետևից տանում է զարգացումը: Այս թեզի գռեհիկ ընկալումն է դարձել մի շարք բիզնեսմենների ձեռքի գործիք:

 

Առասպել 2

 

Զարգացնող խաղալիքները մարզում են ուղեղը

 

Այսպես կարծող ծնողները երեխայի համար գնում են շատ խաղալիքներ, որոնք զարգացնում են մտածողությունը, գլուխկոտրուկներ, բարդ փազլներ: Եթե երեխան երկար կարողանում է նստել դրանց առջեւ, հավաքել փազլը, ապա ծնողները մտածում են, որ երեխան զարգանում է: Այսպես են կարծում, որովհետև երեխայի զարգացումը կապում են միայն մտավոր զարգացման հետ: Սակայն այս երեխան կարող է մեխանիկորեն հավաքել փազլը և չնկատել, թե ինչ նկար է ստացվել:

Չի կարելի երեխային զարգացած համարել, եթե նա հաջողությամբ փազլներ է հավաքում, բայց չի կարողանում շփվել հասակակիցների հետ կամ չի հասկանում հեքիաթների իմաստը:

 

Առասպել 3

 

Զարգացնող խաղալիքները բարձր տեխնոլոգիաների ծնունդ են

 

·         ինտերակտիվ տիկնիկներ

·         կենդանիներ, որոնց պետք է կերակրել, խնամել

·         ռոբոտներ

 

Իրականում, այս խաղալիքները ունենալով՝ երեխան ոչ թե ինքն է տիրապետում այդ իրին, այլ այդ խաղալիքն է սկսում իշխել երեխային՝ թելադրելով նրան իր հետ վարվելու կոնկրետ ձևեր:

 

Առասպել 4

 

Զարգացնող խաղալիքները մեծահասակների իրերի փոքր տեսակներն են

Այս կարծիքին են այն ծնողները, ովքեր հավատում են, որ նման իրերով խաղալով՝ երեխան կսովորի, թե գործնականում ինչպես են այդ գործողությունները կատարում: Բայց իրականում այդ գործողությունները սովորել հնարավոր չէ նման խաղալիքներով:

 

Այս տեսակ «գերզարգացած խաղալիքներ» հիմնականում ստիպում են երեխային որոշակի գործողություններ անել իր հետ, հոգնել և դեն նետել: Սակայն իրականում կենցաղային իրերի կրկնօրինակների նպատակը դերային խաղն է, որը երեխան խաղում է մեծահասակների դերերը վերցնելու, յուրացնելու համար, այլ ոչ սովորելու, թե ինչպես օգտագործել մազերի հարդարման պարագաները: Որքան բարդ, իրական և բազմաֆունկցիոնալ է լինում խաղալիքը, այնքան ավելի մեխանիկորեն է երեխան սկսում դրա հետ գործողություններ կատարել, և սկսում է պակասել գործողությունների ներքին պլանը, որը ստիպում է նրան զարգանալ: Առարկաները պիտի այնքան հետաքրքրաշարժ չլինեն, որ երեխայի տեսադաշտում ճնշեն տվյալ խաղի մեջ մարդուն և մարդկային հարաբերությունները: Այս խաղալիքներն ընդամենը պիտի միջոց լինեն՝ մարդկային փոխհարաբերությունները յուրացնելու համար: Նրանք չպիտի երեխայի ամբողջ ուշադրությունը սևեռեն իրենց վրա:

 

Առասպել 5

 

Զարգացնող խաղերն իրականում համակարգչային խաղերն են

Իրական խաղալիքը երեխայի խաղի միջոց է: Իսկ խաղը հանդիսանում է ամենաիրական և ամենագործուն զարգացնող միջոցը նախադպրոցական տարիքի երեխայի համար: