Շատ-շատ
Նախ մեծահասակը երեխային սովորեցնում է, որ կենդանիների խմբերն ունեն իրենց անունները՝
կովերի խումբը կոչվում է նախիր, ոչխարներինը`հոտ, գայլերինը`ոհմակ, ձկներինը`վտառ, մեղուներինը`պարս, թռչուններինը`երամ ու այսպես շարունակ: Այնուհետև մեծահասակը հարցնում է՝ ինչպես են կոչվում շատ-շատ կովերը (այսինքն՝ կովերի խումբը), երեխան պատասխանում է`նախիր: Եթե երեխան չի իմանում, պատասխանը տալիս է մեծը: Կենդանիներից բացի, կարող եք նաև առարկաների անուններ նշել: Օրինակ` շատ ծաղիկներ` ծաղկեփունջ, շատ տներ` քաղաք և այլն:
Միևնույն ընտանիքից
Մեծն անվանում է «ընտանիքը», օրինակ` բանջարեղեն: Երեխան, որպես պատասխան, պետք է հիշի որևէ բանջարեղենի անուն:
Ծափ
Նախ՝ մեծահասակն ու երեխան պայմանավորվում են, որ երեխան պետք է ծափ տա, երբ լսի, օրինակ, ուտելիքի անուն կամ առարկայի անուն, որը կարմիր է և այլն: Այնուհետև մեծն սկսում է թվարկել տարբեր առարկաներ: Երեխան պետք է ծափահարի՝ համաձայնության նշան տալով, երբ հնչում է պայմանավորվածությանը համապատասխանող առարկայի անունը:
Թռչում է, չի թռչում
Մեծն ասում է. «Կռունկը…թռավ, ծիտիկը թռավ, գետաձին…»: Եթե ասում է թռչող օբյեկտ, երեխան ձեռքերը բարձրացնում է վերև, եթե թռչող չէ, ձեռքերը տարածում է մարմնի երկայնքով: Եթե երեխան սխալվում է, մեծը կարող է ծիծաղելով ասել` «գետաձին թռավ» կամ «արագիլն ընկավ»:
Նոր խոսք
Մեծը խնդրում է երեխային հնարել նոր բառ և բացատրել՝ ինչ է դա նշանակում: Ավելի լավ և հեշտ է հորինել նոր կենդանու անուն և բացատրել, թե որտեղ է նրա բնակության վայրը, ինչով է սնվում և այլն:
Կրկին սխալ
Այս խաղը պահանջում է նախնական պատրաստվածություն, արագ արձագանք և լավ երևակայություն: Մեծը պատմում է պատմություն՝ միտումնավոր սխալներ թույլ տալով. «Ես գնացի անտառ՝ զբոսնելու: Ես քայլում եմ, հավաքում տարբեր տեսակի սնկեր՝ սպիտակ, շամպինիոն, ծառի սունկ: Հետո նորից համով սունկ գտա՝ ճանճասպան: Լավ է ման գալ անտառում, բայց ցուրտ է, ամեն դեպքում դեկտեմբերն է»: Երեխան կանգնեցնում է մեծին և մատնանշում սխալները:
Ինչ զգաց արջի քոթոթը
Մեծը նկարագրում է իրավիճակներ, որոնք տեղի են ունեցել արջի հետ (դերակատարման մեջ ավելի լավ է վերցնել նրա սիրած խաղալիք հերոսին): Երեխան պետք է ենթադրի՝ ինչ զգաց արջուկը, երբ նրանից խլեցին կոնֆետը (գովեցին, երբ լվաց բաժակը, կարդացին հետաքրքիր հեքիաթ և այլն): Իրավիճակը պետք է վերցնել երեխայի հետ պատահած դեպքերից: Երբ երեխան ընկալեց խաղը, կարելի է քննարկել, թե ինչ զգացին պատմության մասնակից մյուս կերպարները:
Շարունակելի