Սեքսի մասին երեխաների հարցերից ծնողներն ամենից շատ են վախենում: Նույնիսկ ինքնավստահ ծնողների լեզուն շատ հաճախ կապ է ընկնում եւ անհարմար վիճակի մեջ են ընկնում,
երբ բանը հասնում է սեռական հասունության եւ երեխաների ծննդի մասին հարցերին: Բայց մի բան փաստ է` այս թեման չպետք է շրջանցել: Եթե ծնողները պատասխանեն երեխայի հարցերին տարիքային համապատասխանությամբ, փոքրիկները առողջ պատկերացում կունենան սեքսի մասին:
Երբ են երեխաները սկսում հետաքրքրվել իրենց մարմնի մասերով
Դեռ մանուկ հասակից փոքրիկները սկսում են հետաքրքրվել իրենց մարմնով: Նրանք նկատում են տղաների ու աղջիկների միջեւ ֆիզիկական տարբերությունը: Փոքրիկները հաճախ են շոշափում իրենց սեռական օրգանները լոգարանում կամ տակդիրը փոխելիս: Զարգացման այդ փուլում նրանք դեռեւս ամոթ չեն զգում: Մանկաբուժության ամերիկյան ակադեմիայի համաձայն` երեխայի այդ տարիքի գործողությունները պատանու սեքսուալ դրսեւորումներին համարժեք չեն, դա նորմալ հետաքրքրասիրություն է, որի համար չպետք է պատժել կամ հանդիմանել:
Այսպիսով, ինչ է պետք անել, երբ երեխան սկսի շոշափել ինքնիրեն: Սովորաբար ամեն ընտանիք իր արժեքներին, բնույթին ու ոճին համապատասխան է արձագանքում: Բայց հիշեք, որ ձեր արձագանքն է, որ երեխային կհասկացնի` իր վարքն ընդունելի է, թե ամոթալի: Սակայն երեխաները, որոնք շատ են հանդիմանվում եւ իրենց բնական հետաքրքրասիրության համար ստիպված են լինում վատ զգալ, կարող են իրենց վրա շատ կենտրոնանալ ու ամոթխած մեծանալ: Այնպես որ, եղեք զգուշավոր այս հարցում:
Որոշ ծնողներ նախընտրում են անտեսել սեփական մարմինը շոշափելը եւ երեխայի ուշադրությունը շեղում են այլ ուղղությամբ: Ոմանք կարող է չխանգարեն փոքրիկին բացահայտել սեփական մարմինը, բայց ոչ հանրային վայրերում:
Ամեն դեպքում, թույլ տվեք փոքրիկին մինչեւ 3 տարեկան ճանաչել սեփական մարմինը, բայց հետո կամաց-կամաց ու նրբանկատորեն հասկացրեք, որ դա հաճելի վարք չէ:
Աղբյուրը` kidshealth.org