Երբեմն երեխաները կծում են հարազատներին, անգամ իրենց խաղընկերներն կամ քույր ու եղբայրներին: Կծելու պատճառները կարող են տարբեր լինել: Միանշանակ պատասխան չկա հարցին, թե ինչու են երեխաները կծում:
Որոշ երեխաներ այդպիսով փորձարկումներ են անում: Մինչև մեկ տարեկան երեխայի համար կծելը շրջակա աշխարհը ճանաչելու միջոց է: Երեխան կարող է կծել մեծահասակ մարդու կամ այլ երեխայի ձեռքը, ինչպես կծում է իր ռետինե խաղալիքը:
Որոշ երեխաներ կծում են, երբ այլ եղանակով չեն կարողանում հասնել իրենց ուզածին, կամ այլ կերպ չեն կարող արտահայտել իրենց ցանկությունները:
Երեխաները կծում են նաև երբ վտանգ են զգում: Կծելը այս դեպքում ինքնապաշտպանության միջոց է: Նման վարք հիմնականում դրսևորբվում է հասակակիցների հետ շփումներում:
Երեխաներ էլ կան, որոնք կծում են իրենց ուժը ցույց տալու համար: Որպես կանոն սրանք մյուսների նկատմամբ իշխանության ձգտող երեխաներ են:
Կծելու պատճառ կարող են լինել նաև նյարդային խնդիրները:
Այս շարքը անվերջ կարելի է շարունակել: Երեխային կարելի է օգնել այն ժամանակ, երբ ծնողները հետևողականության միջոցով հասկացել են, թե ինչով է պայմանավորված երեխայի նման վարքը:
Երեխան կարող է դիմացինին ցավ պատճառել, քանի որ դեռևս չի գիտակցում, որ կծելով կամ հարվածելով ցավ է պատճառում, այնպես ինչպես եթե իրեն կծեին ու հարվածեին: Ոմանք ի պատասխան, իրենք էլ են կծում երեխային, որպեսզի նա հասկանա, որ կծելով ցավ է պատճառում: Սակայն սա ոչ միշտ է գործուն տարբերակ: Ընդհակառակը, նման վարքով մեծահասակն էլ ագրեսիվություն է ցուցաբերում, և երեխան պարզապես չի հասկանա, թե ինչու իրեն էլ չի կարելի նման կերպ վարվել:
Փորձեք կծելը համբույրի վերածել. երբ նկատում եք, որ փոքրիկն ուզում է կծել, նրանից առաջ անցեք ու համբուրեք նրան, հետո առաջարկեք, որ նա էլ ձեզ համբուրի:
Սովորաբար երեխայի վարքագիծը ընտանեկան միջավայրի հայելային անդրադարձն է: Ուստի այնպիսի վարքագիծ դրսևորեք, ինչպիսին որ կուզենայիք տեսնել երեխայի մոտ:
Միշտ ուշադիր եղեք երեխայի նկատմամբ: Քանի որ երբեմն ծնողները երեխային ուշադրության են արժանացնում միայն վատ վարք կամ ագրեսիվություն ցուցաբերելու ժամանակ: Այս դեպքում երեխան ագրեսիվությունը ընկալում է որպես ուշադրության արժանանալու միջոց. ծնողների բարկությունը անտարբերությունից նախընտրելի է:
Խնդիրը միանգամից լուծել հնարավոր չէ, և ծնողները պետք է համբերատար լինեն: Կարևոր պահանջ է, որ և ծնողները և հարազատները միշտ նույն կերպ արձագանքեն երեխայի ագրեսիվ վարքին, ոչ թե միջավայրից կախված մի անգամ զիջեն, հաջորդ անգամ պատժեն:
Աշխատեք երեխային շատ ուշադրության արժանացնել, գովեք նրա լավ պահվածքը և ճիշտ վարքը, հոգատար եղեք:
Կարելի է նաև խաղալիքներով իրավիճակներ խաղարկել, որոնցում ձեր երեխան ագրեսիվություն է դրսևորում: Հորինված պատմությունում հերոսների գտած այլընտրանքային լուծումը կսովորեցնի երեխային, որ նմանատիպ հարցերը կարելի է լուծել ուժի չդիմելով:
Նյութն ըստ Portal-slovo.ru կայքի