Կաթնաշոռն այնքան օգտակար կաթնամթերք է, որ դրա մասին մինչեւ անգամ լեգենդներ են պտտվում: Այն ամրացնում է ոսկորները, ատամները, նպաստում է աղիքների լավ աշխատանքին, առողջացնում է մաշկը: Մի խոսքով՝ այն պարտադիր պետք է ներառել փոքրիկի սննդացանկում:
Բայց դե բոլորս էլ գիտենք, որ երեխաները շատ չեն սիրում այս անչափ օգտակար կաթնամթերքը, ուստի պետք է զարկ տալ երեւակայությանն ու հորինել այնպիսի բաղադրատոմսեր, որոնք կգրավեն փոքրիկին, եւ նա չի հրաժարվի այս սննդատեսակից: Ահա եւ մի գրավիչ բաղադրատոմս, որը ներկայացնում եք ձեր փոքրիկի քիմքի դատին.
Ի՞նչ է հարկավոր
- Կաթնաշոռ
- Թթվասեր
- Սեւ չամիչ
- Ընկույզ
- Թխվածքաբլիթ
Ինչպե՞ս պատրաստել
Կաթնաշոռը լցնել ափսեի մեջ, ավելացնել մի քանի գդալ թթվասեր, խառնել: Ավելացնել նախապես լվացված ու կտրատված սեւ չամիչը, ապա փշրած թխվածքաբլիթն ու մանրացրած ընկույզը կամ ընդեղենի այն տեսակը, որին նախապատվություն է տալիս փոքրիկը: Կարեւոր է հաշվի առնել նաեւ փոքրիկի օրգանիզմի արձագանքը ընկուզեղենին: Եթե երեխան ալերգիկ է, խուսափեք ընդեղենից կամ ընտրեք այն տեսակը, որն ալերգիա չի առաջացնում:
Բարի ախորժակ