Ինչպես փոքրիկին կտրել տակդիրից. սեփական հաջողված մեթոդներով կիսվում են մայրիկները – մաս 3

Գայթակղություն եւ անակնկալ

Մեր աղջիկը զուգարանին ու գիշերանոթին վարժվելու հարցում հետեւողական չէր, բայց ամեն ինչ փոխվեց, երբ նրան ցույց տվեցինք անակնկալների պարկը:

 Մենք գնեցինք ոչ թանկ խաղալիքներ եւ զբաղմունքի պարագաներ եւ դրեցինք նվերների գունավոր պարկում: Ամեն անգամ, երբ նա օգտվում էր զուգարանից, մենք ծափահարում էինք, ասում, թե  ինչ մեծ գործ է նա արել եւ թույլ էինք տալիս այդ պարկից մի անակնկալ հանել:  Մենք մոտավորապես մեկուկես շաբաթ այն պահեցինք վերեւում մի տեղ, իսկ երբ խաղալիքները վերջացան, նա արդեն վարժվել էր գիշերանոթին: Մենք շարունակում էինք խրախուսել նրան, եւ մեր աղջիկը շատ շուտով մոռացավ այդ անակնկալների պարկը: Ես հավատացնում եմ, որ սա լավագույն մեթոդն է` երեխային զուգարանին վարժեցնելու: Ես պատրաստվում եմ նույնը կրկնել նաեւ հաջորդ երեխաներիս ժամանակ:

Ես հավաքեցի ոչ թանկարժեք խաղալիքներ ու լցրի  անթափանց մի պարկի մեջ, որպեսզի երեխան չկարողանա տեսնել, թե ինչ կա մեջը: Երբ գալիս էր զուգարանին վարժվելու պահը, իմ 3-ամյա որդուն, որը կտրականապես հրաժարվում էր գիշերանոթից, թույլ էի տալիս  այդ պարկից մի բան հանել, երբ բարեհաջող օգտվում էր զուգարանից կամ գիշերանոթից:  Մոտ 3 շաբաթում մենք հաջողության հասանք: Բայց ցավոք սրտի, այս մեթոդը չի գործում իմ աղջկա դեպքում, որն արդեն 3 տարեկան է դառնում:

Մենք մեր աղջկա պահարանի վրա դնում էինք իր սիրած կոնֆետները: Եթե նա բարեհաջող կերպով օգտվում էր գիշերանոթից, թույլ էինք տալիս, որ 3 հատ կոնֆետ վերցնի: Մոտ մեկ ամսում նա սիստեմատիկ կերպով սկսեց օգտվել  գիշերանոթից, իհարկե, որոշ բացթողումներով: Սակայն շուտով այդ բացթողումներն  էլ վերացան:

Իմ աղջկա դեպքում գործեց գանձերի տուփը: Ես գնեցի փազըլներ, պլաստմասե կենդանիներ, ջրով ատրճանակներ, կավիճ, միջատներ բռնող խաղալիքներ: Երբ հասանք տուն, երկուսով տեղավորեցինք տուփի մեջ, եւ ես բացատրեցի, որ ամեն անգամ, երբ նա օգտվի զուգարանից կամ գիշերանոթից, նա մրցանակ կստանա այդ տուփից: Մոտ 1 շաբաթում մենք ունեցանք 100-տոկոսանոց արդյունք:

Այս թեմայով կարդացեք նաև`

Ինչպես փոքրիկին կտրել տակդիրից. սեփական հաջողված մեթոդներով կիսվում են մայրիկները – մաս 1

Ինչպես փոքրիկին կտրել տակդիրից. սեփական հաջողված մեթոդներով կիսվում են մայրիկները – մաս 2

Շարունակելի

Աղբյուրը` babycenter.com