Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արմինե Ֆանյանը:
Ի՞նչ է աչքի շլությունը:
Աչքի շլությունը կամ ստարտիզմն երկու աչքերի տեսողական առանցքների խանգարումն է, որոնք նորմայում պետք է լինեն միմյանց զուգահեռ:
Շլությունը կարող է լինել բնածին և ձեռքբերովի: Բնածին շլությունը նորածինների մոտ մինչև 3-4 ամսականը կարող է անցնել: Նորածնային շրջանի շլությունը կարող է պայմանավորված լինել դիմային գանգի կառուցվածքային առանձնահատկություններով, ինչպես նաև հղիության ժամանակ որոշ ինֆեկցիոն պրոցեսներով կամ ծանր ծննդաբերությամբ:
Ցանկացած դեպքում, եթե երեխայի մոտ կա շլություն, ընդ որում այն կարող է լինել տարամիտվող կամ զուգամիտվող, պետք է պարբերաբար այցելել ակնաբույժի` խորհրդատվություն ստանալու համար:
Մինչև 3-4 ամսականը, եթե շլությունը պահպանվում է, ապա 6 ամսականում ակնաբույժը կարող է ախտորոշել և սկսել բուժումները:
Նորածինների մոտ շլություն նկատելու դեպքում խորհուրդ ենք տալիս խաղալիքները չդնել երեխային մոտ: Խաղալիքները պետք է լինեն 50 սմ ոչ պակաս հեռավորության վրա, պետք է ընտրել վառ գունավորմամբ և մեծ խաղալիքներ:
Ինչպե՞ս է կատարվում մինչև 6 տարեկան երեխաների բուժումը:
6 ամսականից հետո, երբ արդեն երեխայի մոտ ախտորոշվել է շլություն, հարկավոր է ճիշտ ակնոց ընտրել, քանի որ տարիքին զուգահեռ զարգանում է երեխայի տեսողական համակարգը: Գոյություն ունեն մի շարք թերապևտիկ միջոցներ, որոնք ուղղված են ինչպես տեսողության սրության պահպանմանը, այնպես էլ տեսողական համակարգի զարգացմանը: Եթե այս ամենը ցանկալի արդյունք չի տալիս, կատարվում է վիրահատական միջամտություն:
Ո՞ր տարիքում է կատարվում վիրահատական միջամտություն:
Ցանկալի է վիրահատություն կատարել մինչև 4 տարեկանը, որովհետև 3-4 տարեկանում, եթե արդեն շլություն ունի, երեխան սկսում է օգտագործել առողջ աչքը, հետևաբար խնդիր ունեցող աչքի շլությունը գնալով շատանում է: Այս դեպքում արդեն խնդիրը լինում է ոչ միայն շլությունը, այլև` տեսողությունը:
Բացի դա, այդ տարիքում երեխան սկսում է տեսնել առարկաները, տարբերակել դրանք, ուստի վաղ հասակում պետք է կատարել վիրահատություն: