Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Լուսինե Գրիգորյանը:
Որքա՞ն պետք է քնի փոքրիկը՝ ըստ տարիքի:
Քունը կարևոր դեր է խաղում երեխայի ինտելեկտուալ, հուզական և ֆիզիկական զարգացման համար: Գիտնականները պարզել են, որ քնի ընթացքում փոքրիկը ոչ միայն հանգստանում է, այլ նաև վերամշակում այն ինֆորմացիան, որը նա ստացել է արթուն ժամանակ:
Քնի ընթացքում է սինթեզվում աճի հորմոնը: Քնի տևողությունը տարբեր տարիքի երեխաների համար տարբեր է: Նորածինները կարող են քնել ամբողջ օրը և արթնանալ միայն ուտելու համար: Նրանց համար տարբերություն չկա գիշերվա և ցերեկվա միջև: Կյանքի երկրորդ ամսվանից սկսած` երեխան սկսում է ավելի երկար քնել գիշերը, իսկ ցերեկվա ժամերին ավելի շատ արթուն մնալ: 3-6 ամսական երեխան գիշերը քնում է մոտավորապես 10-11 ժամ, ցերեկը՝ 5-6 ժամ: 6 ամսականից 1,5 տարեկան երեխայի քունը գիշերը 10 ժամ է, ցերեկը՝ 3-4 ժամ: 2 տարեկանից մինչև 6-7 տարեկան երեխաների համար ցերեկային 2-ժամյա քունը բավական է հանգստանալու համար: Այս թվերը միջինացված են և կարող են տատանվել ± 1.5 ժամ:
Պե՞տք է, արդյոք, ստիպողաբար քնեցնել:
Ստիպողաբար քնեցնել խորհուրդ չի տրվում: Յուրաքանչյուր երեխա ունի իր կենսաբանական ժամացույցը, ըստ որի՝ նա քնում է, ուտում, խաղում: Եթե երեխան հրաժարվում է քնել, մի զայրացեք և մի պատժեք նրան: Դա կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Նախ պետք է պարզել՝ իսկապես փոքրիկը քիչ է քնում, թե ոչ: Որոշ երեխաներ քնում են կարճ ժամանակով, բայց հաճախ, և հավաքում են իրենց անհրաժեշտ քնի ժամերը: Երեխան կարող է քիչ քնել, եթե սոված է մնում, փորիկը ցավում է, ատամներն են ծկթում: Եթե երեխան քիչ է քնում, ապա անհրաժեշտ է.
· Օպտիմալ պայմաններ ստեղծել սենյակում, որտեղ քնում է փոքրիկը: Սենյակը չպետք է լինի տոթ, խոնավ կամ չոր:
· Կարդալ հեքիաթներ կամ օրորոցային երգել երեխայի համար: Կարելի է քնեցնելուց առաջ լողացնել նրան:
· Մեծացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Երեխան պետք է ակտիվ լինի, շատ ժամանակ անցկացնի մաքուր օդում, ճիշտ սնվի:
Քնի ժամանակ պե՞տք է սենյակում ապահովել քար լռություն, թե՞ ոչ:
Գիշերային քնի ժամանակ պետք է ապահովել կատարյալ լռություն և մաքսիմալ մթություն: Իսկ ցերեկվա ժամերին բավական է միայն վարագույրները ծածկել, կարելի է հարևան սենյակում միացված թողնել հեռուստացույցը: