Մինչև 3 տարեկան երեխաների լսողական ընկալման զարգացումը

Հոգեբանների կարծիքով`մեղեդային միջավայրը բարենպաստ է երեխայի լսողական ընկալման զարգացման համար: Սակայն սա չի նշանակում, որ ամբողջ օրը երեխան պետք է աղմուկի մեջ լինի կամ երաժշտություն լսի: Սակայն նաև միայն լռությամբ չպետք է շրջապատված լինի:

Յուրաքանչյուր ձայն գլխուղեղն ընկալում է որպես իմպուլս: Որքան շատ լինեն նման գրգռիչները, այդքան ավելի ակտիվ կընթանան մտածողության գործընթացները:

Սակայն ոչ բոլոր ձայներն են հավասարապես օգտակար:  Իհարկե, փոքրիկի համար լավագույնը և ցանկալին ծնողների ձայնն է: Երկրորդ տեղում արդեն դասական երաժշտությունն է:

Ինչպես զարգացնել երեխայի լսողական ընկալումը

Երեխայի լսողությունը լավ զարգացնում են բնության ձայները: Ուստի, երբ անձրև է տեղում, բացեք պատուհանը, թող մանկիկն ունկնդրի անձրևի խշշյունը:  Ընդհանրապես երեխաները սիրում են լսել իրենց շրջապատի ձայները`  թռչունների ձայները, խաղացող երեխաների ձայները:

Իրականում լսողության զարգացման համար հարկ չկա առանձնահատուկ ինչ-որ քայլերի դիմել: Պարզագույն խաղերը լավ արդյունք կունենան:  Մարդիկ, ովքեր ունեն լավ զարգացած լսողություն, առանձնանում են կայուն ընկալմամբ, վերլուծական մտքով, ոչ ստանդարտ մտածողությամբ և հոյակապ հիշողությամբ:

Նկատած կլինեք, թե ինչպես է նորածինն արձագանքում տարբեր ձայներին:  Օրորոցայինն օգնում է, որ մանկիկը հանգստանա, թուլանա և շուտ քնի:  Բարձր երաժշտությունը կամ հեռախոսի անսպասելի զանգը կարող են վախեցնել նրան: Նման ձայները պատճառ են դառնում, որ գործեն երեխայի ոչ պայմանական ռեֆլեքսները:

Լսողական ընկալման զարգացման գործում առաջին քայլը երեխայի` ձայնի աղբյուրը որոշելու ունակությունն է:  Արդեն 3 ամսականում մանկիկը գլուխը թեքում է  դեպի ձեր ձայնը և սկսում է ժպտալ:  Սա այսպես կոչված «առույգացման կոմպլեքսի» դրսևորումն է:

Ձայն արձակող խաղալիքներ գնելու ճիշտ ժամանակն է: Այն կօգնի ոչ միայն ամրապնդել նոր կարողությունը, այլ նաև կզարգացնի լսողական ուշադրությունը: Պարբերաբար վարժություններ կազմակերպեք երեխայի լսողության զարգացման համար: Չըխկչըխկան խաղալիքով մեկ վերևից, մեկ ներքևից, կամ աջից ու ձախից աղմուկ հանեք , թող երեխան որոշի ձայնի ուղղությունը և ձեռքը մեկնի դեպի խաղալիքը:

Երեխայի լսողական ընկալումը զարգացնելու համար հարկավոր է հնարավորինս շատ նրա հետ խոսել:  Երբ մանկիկը լսում է, թե ինչպես է մայրիկը խոսում, ինչպես են մեծահասակները շփվում, նրա մոտ զարգանում է  խոսքը: Աստիճանաբար փոքրիկը հասկանում է, թե ինչպես են միավորվում ձայները:

Ընկալումը զարգացնելուն կնպաստեն խաղերը: Իսկ խաղի համար ամեն ինչ էլ կարելի է օգտագործել` երաժշտական խաղալիքներ, ժամացույց և այլն: Թույլ տվեք, որ երեխան լսի ու հասկանա, թե շրջապատող ամեն առարկա ինչ ձայն է արձակում: Իսկ եթե տարիքն այդ հնարավորությունը տալիս է, ապա խաղերում նաև երեխան պետք է գուշակի, թե տվյալ ձայնը որ առարկան է արձակում:  Փողոցում ևս ուշադրություն դարձրեք ձայների վրա` մեքենայի ազդանշանը, թռչունների դայլայլը, ոտքերի տակ ձյան ճրթճրթոցը, քամու սուլոցը և այլն:

 

Նյութն ըստ vse-pro-dety.ru կայքի