Որո՞նք են զարգացնող խաղերը և ի՞նչ գիտենք մենք դրանց մասին. այս և այլ հարցերի պատասխանները կտա «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը:
Ինչ խոսք, երեխաները սիրում են խաղալիքներ և խաղեր: Իսկ երեխայի զարգացման գործում նրանց դերը բավականին մեծ է: Այժմ գոյություն ունեն բազմաթիվ սխալ, թյուր ըմբռնումներ զարգացնող խաղերի և առհասարակ երեխայի զարգացման մասին: Այդ թյուր պատկերացումները լիովին կարող են ճիշտ համարվել շատ գրքերում, բիզնեսով զբաղվող տարբեր զարգացման կենտրոններում, մանկապարտեզներում և քոլեջներում: Այդ պատճառով ծնողների մեծ մասը հեշտությամբ ընդունում է դրանք՝ որպես անհերքելի ճշմարտություններ:
Հոգեբանը ներկայացնում է այն առասպելները, թյուր ըմբռնումները, որոնք գոյություն ունեն զարգացնող խաղերի մասին:
Առասպել 1
Զարգացնող խաղերը սովորեցնում են.
· «Զարգացնող կենտրոնները», որոնք լեզուներ են սովորեցնում նախադպրոցականներին, բնական գիտություններին են ծանոթացնում, զարգացնում են երեխայի տարբեր հմտությունները:
· Երեխայի վաղ զարգացմանն ուղղված գրքերը, որոնք առաջարկում են տարբեր մեթոդներ երեխայի այս կամ այն ունակությունը զարգացնելու համար, լեզուներ սովորեցնելու, հիշողությունը զարգացնելու համար և այլն, անկախ նրանից, ընդունակություն են զարգացնում, թե գիտելիք փոխանցում, էությունը չի փոխվում:
· Այս բոլորին հետևելով՝ կամ ծնողները, կամ հատուկ հաստատությունների մասնագետները, մանկավարժները, նստեցնում են «զարգացնելու»:
· Ուսուցումն իր հետևից տանում է զարգացումը: Այս թեզի գռեհիկ ընկալումն է դարձել մի շարք բիզնեսմենների ձեռքի գործիք:
Առասպել 2
Զարգացնող խաղալիքները մարզում են ուղեղը
Այսպես կարծող ծնողները երեխայի համար գնում են շատ խաղալիքներ, որոնք զարգացնում են մտածողությունը, գլուխկոտրուկներ, բարդ փազլներ: Եթե երեխան երկար կարողանում է նստել դրանց առջեւ, հավաքել փազլը, ապա ծնողները մտածում են, որ երեխան զարգանում է: Այսպես են կարծում, որովհետև երեխայի զարգացումը կապում են միայն մտավոր զարգացման հետ: Սակայն այս երեխան կարող է մեխանիկորեն հավաքել փազլը և չնկատել, թե ինչ նկար է ստացվել:
Չի կարելի երեխային զարգացած համարել, եթե նա հաջողությամբ փազլներ է հավաքում, բայց չի կարողանում շփվել հասակակիցների հետ կամ չի հասկանում հեքիաթների իմաստը:
Առասպել 3
Զարգացնող խաղալիքները բարձր տեխնոլոգիաների ծնունդ են
· ինտերակտիվ տիկնիկներ
· կենդանիներ, որոնց պետք է կերակրել, խնամել
· ռոբոտներ
Իրականում, այս խաղալիքները ունենալով՝ երեխան ոչ թե ինքն է տիրապետում այդ իրին, այլ այդ խաղալիքն է սկսում իշխել երեխային՝ թելադրելով նրան իր հետ վարվելու կոնկրետ ձևեր:
Առասպել 4
Զարգացնող խաղալիքները մեծահասակների իրերի փոքր տեսակներն են
Այս կարծիքին են այն ծնողները, ովքեր հավատում են, որ նման իրերով խաղալով՝ երեխան կսովորի, թե գործնականում ինչպես են այդ գործողությունները կատարում: Բայց իրականում այդ գործողությունները սովորել հնարավոր չէ նման խաղալիքներով:
Այս տեսակ «գերզարգացած խաղալիքներ» հիմնականում ստիպում են երեխային որոշակի գործողություններ անել իր հետ, հոգնել և դեն նետել: Սակայն իրականում կենցաղային իրերի կրկնօրինակների նպատակը դերային խաղն է, որը երեխան խաղում է մեծահասակների դերերը վերցնելու, յուրացնելու համար, այլ ոչ սովորելու, թե ինչպես օգտագործել մազերի հարդարման պարագաները: Որքան բարդ, իրական և բազմաֆունկցիոնալ է լինում խաղալիքը, այնքան ավելի մեխանիկորեն է երեխան սկսում դրա հետ գործողություններ կատարել, և սկսում է պակասել գործողությունների ներքին պլանը, որը ստիպում է նրան զարգանալ: Առարկաները պիտի այնքան հետաքրքրաշարժ չլինեն, որ երեխայի տեսադաշտում ճնշեն տվյալ խաղի մեջ մարդուն և մարդկային հարաբերությունները: Այս խաղալիքներն ընդամենը պիտի միջոց լինեն՝ մարդկային փոխհարաբերությունները յուրացնելու համար: Նրանք չպիտի երեխայի ամբողջ ուշադրությունը սևեռեն իրենց վրա:
Առասպել 5
Զարգացնող խաղերն իրականում համակարգչային խաղերն են
Իրական խաղալիքը երեխայի խաղի միջոց է: Իսկ խաղը հանդիսանում է ամենաիրական և ամենագործուն զարգացնող միջոցը նախադպրոցական տարիքի երեխայի համար: