Երեխաների մոտ որոշակի տարիքային փուլում սկսում է զարգանալ ամաչկոտությունը: Սա, սակայն, երկարատև չէ. այն բնավորության կայուն գծի չի վերածվում, այլ աստիճանաբար վերանում է: Սակայն կա նաև ամաչկոտության այլ տեսակ, որը տարիքային չէ և ձևավորվում է տարբեր գործոնների ազդեցությամբ:
Ամաչկոտ երեխաները շատ զգայուն են, սուր կերպով զգում են իրենց թերությունները, իսկ իրենց դրական հատկանիշներն, ընդհակառակը, չեն նկատում և չեն գնահատում: Այսպիսի երեխաներն, օրինակ, վախենում են, որ հիմար տեսք ունեն, որ կդառնան այլոց ծաղրի առարկան, որ գեղեցիկ չեն հագնված և այլն: Նրանք շատ զգայուն են քննադատության նկատմամբ: Մտավախությունների պատճառով նրանց վարքը բնական չէ:
Այլ երեխաների շրջապատում ամաչկոտ երեխաները խուսափում են շփումից, քանի որ իրենց մյուսներից ցածր են դասում: Նրանք հաճախ տատանվում են որոշումներ կայացնելիս, նախաձեռնություն չեն ցուցաբերում, չեն կարողանում իրենց պաշտպանել: Այդ իսկ պատճառով նրանց հաճախ չեն էլ նկատում, ուստի ամաչկոտությունը երբեմն ուղղորդվում է չիրագործված հնարավորություններով և հասարակական կյանքից դուրս մնալու պատճառով առաջացած անբավարարվածությամբ:
Ինչպե՞ս օգնել ամաչկոտ երեխային
Պետք չէ երեխային տալ առաջադրանքներ, որոնք նա ի վիճակի չէ կատարել, քանի որ այսպիսի առաջադրանքները երեխային ստիպում են վախենալ, որ նա չի կարող, գլուխ չի հանի իրավիճակից: Դա բերում է նրան, որ երեխան մշտապես վստահ չէ իր ուժերին և դադարում է իրեն ադեկվատ գնահատել: Եթե ամեն անգամ երեխային ծույլ կոչեք, երբ ցածր գնահատական ստանա դպրոցում, նա շուտով իսկապես իրեն ծույլ կհամարի, քանի որ չի արդարացնում ձեր սպասելիքները:
Պետք չէ միշտ խրատել, թե ինչպես իրեն պետք է պահի «լավ աղջիկը կամ տղան» և ամոթանք տալ ամեն առիթով:
Ինքներդ օրինակ ծառայեք ձեր երեխային, ակտիվ շփվեք մարդկանց հետ, անհարկի խնդիրներ մի ստեղծեք ձեր շփումներում:
Եթե երեխան խնդիրներ ունի հասակակիցների հետ, դա դեռ աշխարհի վերջը չէ, հանգիստ վերաբերվեք այդ փաստին և աշխատեք օգնել կամ ուղղորդել երեխային:
Երեխայի համար խաղեր կազմակերպեք, որտեղ նա ինքնավստահ և համարձակ մարդու դեր կունենա: Թող երեխան դերը ճիշտ կատարելու համար ուսումնասիրի, թե ինչպիսին է համարձակ մարդկանց վարքը, խոսելաոճը:
Խոսեք երեխայի հետ իր հատկանիշների մասին, մատնանշեք նրան, թե ինչ դրական հատկանիշներ նա ունի, փորձեք հասկանալ, թե ինչ բացասական հատկանիշներ է տեսնում իր մեջ երեխան և ինչու:
Երեխայի հետ փորձարկեք իրավիճակներ, երբ նա նոր հասակակիցների հետ է շփվում, ծանոթանում: Այդ ամենը կօգնի նրան ավելի համարձակ գործել նմանատիպ իրավիճակում:
Երեխային վախերից ազատելու համար կարող եք դիմել նաև հումորի կամ չափազանցության, որպեսզի նա ծիծաղի իր վախի վրա ու հասկանա, որ դա այնքան էլ սարսափելի չէ:
Ավելի շատ ժամանակ հատկացրեք ձեր երեխային և օգնեք, որ ինքնավստահություն ձեռք բերի, դա կյանքում անհրաժեշտություն է:
Նյութն ըստ kid.ru կայքի