Երբվանի՞ց և ինչպե՞ս երեխային սովորեցնել միզամանից օգտվել. սա հարց է, որ հուզում է յուրաքանչյուր մայրիկի երեխայի ծննդյան առաջին իսկ օրերից:
Եթե մի քանի տասնամյակ առաջ մայրիկները էնտուզիազմով ձգտում էին երեխային միզամանից օգտվել սովորեցնել, որպեսզի ամենօրյա լվացքի քանակը կրճատվի, ապա մեր օրերում մայրիկներն այս հոգսից ազատված են. կան մեկանգամյա օգտագործման տակդիրներ: Սրանք պատճառ են դարձել, որ հաճախ մինչև դպրոցական տարիքը երեխաները դեռ տակդիր են կրում ու միզամանից կամ զուգարանից չեն օգտվում:
Մասնագետները նշում են, որ երեխային միզամանի վրա կարելի է նստեցնել վեց ամսեկանից սկսած, երբ երեխան արդեն կարողանում է ինքնուրույն և ամուր նստել: Միզամանին նստել երեխային պետք է սովորեցնել աստիճանաբար` թե ֆիզիկապես թե հոգեպես նրան չվնասելու համար:
Մասնագետները նշում են, որ 6 ամսեկանից մինչև մեկ տարեկան հասակն այն շրջանն է, երբ երեխան ուսումնասիրում է իր մարմնի հնարավորությունները: Այս տարիքում երեխան սովորում է կառավարել իր օրգանիզմը, այդ թվում և միզելու գործընթացը: Ուստի սա լավագույն տարիքն է երեխային միզամանից օգտվել սովորեցնելու համար:
Միզամանին երեխային վարժեցնելու համար պետք է գործողությունների մի ողջ պլան.
- Միզամանը միշտ տեսադաշտում պահեք և քնից առաջ և հետո, կերակրելուց հետո երեխային առաջարկեք օգտվել դրանից
- Եթե երեխան չի ուզում նստել միզամանին կամ հրաժարվում է դրանից օգտվել, մի ստիպեք, դա բացասական վերաբերմունք կառաջացնի
- Մի բարկացեք երեխայի վրա, եթե միզամանից օգտվել չի ստացվում
- Իսկ եթե ստացվում է, գովեք երեխային
Ինչպիսի միզաման ընտրել երեխայի համար
Միզամանի ընտրությունը պակաս կարևոր չէ, քան հարցը, թե ինչպես երեխային միզամանին ընտելացնել:
- Պետք չէ գնել երաժշտական կամ ձայնային էֆեկտներով միզաման, սրանք կարող են ռեֆլեքս ձևավորել և հետագայում երեխան, անկախ գտնվելու վայրից, այդ ձայները լսելիս կմիզի:
- Խուսափեք նաև շատ վառ գունավորում ունեցող միզամաններից, երեխան դա նախ և առաջ որպես խաղալիք կընկալի:
- Միզամանը աթոռի, բազկաթոռի նման չպետք է լինի, այլապես հետագայում երեխան կարող է միզել նաև աթոռի վրա նստելիս:
- Կարևոր է նաև միզամանի չափսը: Երեխային հարմար չէ օգտվել իր համար փոքր կամ մեծ միզամանից:
Նյութն ըստ baby.ru և 1kid.ru կայքերի