Երեխան բավականաչափ վստահ չէ սեփական ուժերի կամ հաջողության հասնելու իր կարողության վրա և վախենում է նոր տպավորություններից ու դժվարություններից: Անսովոր իրավիճակներում երեխան կարող է կառչել ծնողներից:
Խնդրին նպաստող հանգամանքները
Սեփական անձի մասին դրական պատկերացումը և ինքնուրույնությունը անբաժան են. Դրանք փոխկապակցված են զարգանում: Ինքնուրույնության ձգտումն ակնհայտ է երկու տարեկան երեխայի մոտ, երբ նա պահանջում է, որ ամեն բան ինքն անի, և մշտապես կասկածի տակ առնում ծնողների հեղինակությունը: Երեխայի վրա չափից ավելիշատ դողացող կամ չափազանց խիստ հսկողություն դրսևորող ծնողները կարող են կասեցնել ինքնուրույնություն ձեռք բերելու երեխայի բնական ձգտումը` խոչընդոտելով նրա ազատությունը կամ անգիտակցաբար սահմանաակելով նրա միջավայրը` այսպիսով անհնար դարձնելով ինքնուրույնությունը:
Ի՞նչ կարող են անել ծնողները
- Բավականաչափ ուշադրություն հատկացրեք երեխային: Այն երեխաները, որոնք բավականաչափ ուշադրության չեն արժանանում, ինքնուրույն դառնալու փոխարեն թրև են գալիս մեծահասակների շուրջը` ձգտելով ավելին ստանալ:
- Անվտանգ ընտանեկան միջավայր ստեղծեք, որտեղից երեխան կարող է ինքնուրույն գործողություններ ձեռնարկել` իմանալով, որ կա ապահով տեղ, ուր ինքը միշտ կարող է վերադառնալ:
- Ինքնուրույնության համար հատուկ ժամանակ տրամադրեք:Եթե դուք միշտ շտապում եք, որ երեխային դպրոց կամ մանկապարտեզ հասցնեք, ապա հավանաբար նա այնքան էլ շատ հնարավորություն չունի իր հագուստն ընտրելու կամ նախաճաշի տուփը պատրաստելու համար:
- Ինքնուրույնությանը նպաստող միջավայր ապահովեք: Հագուստի դարակները դասավորեք այնպես, որ երեխան կարողանա հասնել դրանց, լվացարանի առաջ աթոռակ դրեք, մի խոսքով, այն ամենը, ինչը համապատասխանում է ձեր կյանքի ոճին և երեխայի զարգացման փուլին:
- Հնարավորությն դեպքում միշտ բացատրություններ տվեք ձեր պահանջների և կանոնների վերաբերյալ:
- Թույլ տվեք, որ երեխան ինքը դասավորի իր ննջասենյակը:
- Երբ մեքենա եք վարում կամ ճամփորդում եք, ձևացրեք, որ չգիտեք, թե ուր պիտի գնաք, և թույլ տվեք, որ երեխան ինքն ուղղորդի ձեզ:
- Խաղացեք նրա հետ «Իսկ ի՞նչ կանես» խաղը, երբ նա պետք է կարողանա ելք գտնել հիպոթետիկ իրավիճակներից: Հարցրեք նրան, օրինակ. «Իսկ ի՞նչ կանես, եթե կորցնես ծնողներիդ գազանանոցում»: Կամ` «Իսկ ի՞նչ կանես, եթե պետք լինի շտապ օգնություն կանչել»:
- Դրական վերաբերմունք և աջակցություն ցուցաբերեք երեխայի ինքնուրույնություն գործելու փորձերի հանդեպ: Հասկացրեք, որ հավատում եք, թե նա հաջողության կհասնի:
- Գտեք այնպիսի զբաղմունքներ, որոնք երեխան կարող է հաջողությամբ ինքնուրույն կատարել, ինչը կնպաստի սեփական ուժերի հանդեպ վստահության զարգացմանը:
- Գովեք երեխային ինքնուրույն գործողությունների համար:
- Երեխային միշտ ընտրության հնարավորություն տվեք, օրինակ` կարող եք ասել. «Դու այս շաբաթ կարող ես գնալ տատիկիդ կամ մորաքրոջդ մոտ»:
- Չի կարելի այնպես կազմակերպել երեխայի կյանքը, որ նա ինքնուրույն զբաղմունքների ժամանակ չունենա:
Նյութն ըստ «Այնքա՜ն ծանոթ և այնքա՜ն անծանոթ ... մեր երեխան» ձեռնարկի