Կրծքով կերակրելիս պետք է ուշադիր հետևել երեխային, ոչ թե ժամացույցին:
Կյանքի առաջին շաբաթվա ընթացքում երեխան ծծում է տարբեր հաճախականությամբ, բայց դեռ չի կարողանում լավ ծծել: Երբեմն կերակրելը մեկ ժամից երկար է տևում, որովհետև փոքրիկը մերթընդմերթ քնում է, քիչ հետո արթնանում ու շարունակում ծծել: Պետք է հիշել, որ հաճախակի և երկար կերակրելն օժանդակում է կաթնարտադրությանը նպաստող հորմոնների առաջացմանը:
Պտուկը չի վնասվի, եթե կերակրելիս մայրը հետևի իր և փոքրիկի դիրքին:
«Ծույլ» նորածնի կշտալնալու համար ավելի երկար ժամանակ է հարկավոր, իսկ եռանդուն փոքրիկը հինգ րոպեում հագենում է: Իհարկե, ժամանակի ընթացքում մայրը և նորածինը ավելի լավ են հասկանում իրար, և հագենալու համար փոքրիկին բավարարում է 10-15 րոպե,թեպետ նրանցից շատերը երկար են ծծում, իսկ ոմանք կարճ:
Կյանքի առաջին ամիսներին երեխան յուրաքանչյուր երկու ժամը մեկ անգամ սնվելու կարիք ունի, հետագայում ընդմիջումը աստիճանաբար մեծանում է: Պետք է երեխային կուրծք տալ իր ուզած պահին և իրեն հարկավոր տևողությամբ, որպեսզի ստանա անհրաժեշտ քանակով կաթ: Երբ կաթնարտադրությունը կարգավորվում է, և երեխայի ու մոր միջև հաստատվում է կյանքի փոխադարձ հարմար ռիթմ, արդեն կարելի է փորձել երեխային հանգստացնելու ուրիշ միջոցներ ևս:
Մայրը չպետք է մտահոգվի ծծած կաթի ծավալով, որովհետև միևնույն ծավալով արտադրված կաթը օրվա տարբեր ժամերին խիստ տարբեր է սննդային բաղադրամասերի պարունակությամբ: