Օրորելը փոքրիկին հանգստացնելու հնագույն մեթոդ է: Սակայն մեր օրերում այս մեթոդն ունի ինչպես կողմնակիցներ, այնպես էլ հակառակորդներ:
Կողմնակիցների կարծիքով` օրորելը նպաստում է, որ փոքրիկը հանգստանա, ինչպես նաև լրացնի շարժման պակասը: Մյուսների կարծիքով`օրորելը խախտում է փոքրիկի քունը, բացի այդ, վեստիբուլյար ապարատի (պատասխանատու է հավասարակշռության համար) զարգացած չլինելու պատճառով կարող է ուշագնացություն առաջացնել, որը ծնողները շփոթում են խորը քնի հետ:
Ինչպե՞ս հանգստացնել փոքրիկին առանց օրորելու
Նախ համոզվեք, որ փոքրիկի երկարատև աշխուժության պատճառը հիվանդությունը, քաղցը կամ այլ անհարմարությունները չեն, ինչպիսիք են, օրինակ, թաց տակդիրը, վառ լույսը, շոգը, ցուրտը, աղմուկը և այլն:
Երկրորդ քայլը քնի ծես ստեղծելն է: Ունեցեք քայլերի որոշակի հերթականություն, որոնք ամեն օր նախորդում են քնին, օրինակ, փոքրիկին լողացնելը, օրորոցային երգելը, մոնոտոն ձայնով հեքիաթ կարդալը, հանգիստ մեղեդին և այլն: Տարբերակները շատ են, կարևորը, որ դրանք հետեւողականորեն պահպանվեն ամեն օր:
Ինչպե՞ս փոքրիկին ճիշտ օրորել ձեռքերի վրա
Ընդհանրապես, փոքրիկին շատ օրորել պետք չէ: Երբեմն փոքրիկի մոտ կախվածություն է առաջանում օրորելուց ու առանց դրա նա չի հանգստանում ու չի քնում: Բացի այդ, համաձայնեք, որ արդեն մեկ տարեկան փոքրիկին ձեռքերի վրա օրորելը մայրիկի համար դժվար է: Ուստի փոքրիկին ձեռքերի վրա հնարավորինս քիչ օրորեք:
Դեռ ներարգանդային կյանքում փոքրիկը սովորել է թեթև օրորվելուն մայրիկի քայլքի ժամանակ: Այնպես որ նրան կարող եք գրկել`վստահ լինելով, որ նրա մեջքն ու գլուխը ապահով դիրքում են, և թեթևակի տարուբերել`նմանակելով քայլքի ժամանակ առաջացող օրորոցին:
Օգնո՞ւմ է, արդյոք, սլինգը օրորելիս
Սլինգի մեջ գտնվելու ընթացքում փոքրիկը մայրիկի շարժմանը համապատասխան օրորվում է: Այս պարագայում մայրիկները հաճախ չեն էլ նկատում, թե ինչպես փոքրիկը քնեց: Սակայն օրթոպեդների կարծիքով`երկար ժամանակ սլինգում գտնվելը բացասաբար է ազդում երեխայի ողնաշարի ձևավորման վրա, ինչպես նաև սլինգի սխալ օգտագործումը կարող է մանկական վնասվածքների պատճառ դառնալ:
Ի՞նչ խորհուրդ են տալիս օրորելու հակառակորդները
Օրորելու ամենահեղինակավոր հակառակորդ, 20-րդ դարի հայտնի մանկաբույժ Բենջամին Սփոկը կարծում էր, որ երեխայի լացը պետք է պարզապես անտեսել: Նրա տեսության համաձայն`փոքրիկները լացը կիրառում են` մեծերին մանիպուլացնելու ու իրենց գրկել ստիպելու համար: Եթե նրա լացն անտեսեք, փոքրիկը կհասկանա, որ այդ մեթոդը չի գործում և այլևս չի լացի: Սակայն այս պարագայում մեկ այլ խնդիր կա. նորածինների մոտ երկարատև լացից կարող է պորտի գրիժա առաջանալ: Ուստի քանի դեռ փոքրիկի պորտային օղակը չի ձգվել, ծնողները պետք է ուշադիր լինեն նման խնդրից խուսափելու համար:
Նյութն ըստ mama.ru կայքի