Պատրաստվում ենք փոքրիկի լույս աշխարհ գալուն. ի՞նչ է հարկավոր տանը

Քնելու վայր

Նախեւառաջ փոքրիկին հարկավոր է քնելու համար համապատասխան վայր: Դա կարող է լինել փոքր օրորոց, որը կլինի անիվների վրա, լիարժեք մահճակալ՝ փայտե պատնեշներով, տարբեր տարիքի համար նախատեսված բացվող ու փակվող մահճակալ կամ մահճակալ-մանեժ:

Եթե ծնողները մտածում են փոքրիկին իրենց անկողնում քնեցնելու մասին, ուրեմն պետք է հոգան անվտանգ ու հարմարավետ քնի մասին: Այն, որ անկողինը մեծ է, չի նշանակում, որ անվտանգ է: Փոքրիկին հարկավոր է իր տարածքը, որը կարող է ապահովել փոքր մանեժը կամ զամբյուղ-օրորոցը, որը կդնեք հենց ձեր անկողնում:

Երեխայի խնամքի հարմարանք

Փոքրիկի հագուստը փոխելու, նրան մերսելու, մարզանք անելու համար անհրաժեշտ է համապատասխան վայր:  Շատ մայրիկներ դրա համար գնում են հատուկ սեղանիկ՝ իր կոմոդով, որտեղ տեղավորում են տակդիրները, կրեմները, առաջին անհրաժեշտության դեղերն ու այն ամենը, ինչ պետք է ունենալ ձեռքի տակ: Սակայն ոչ բոլորն են կարծում, որ պահարանով սեղանն անհրաժեշտություն է եւ գնում են միայն սեղանիկը, որն ամրանում է մահճակալին: Ոմանք էլ նախընտրում են փչովի սեղանիկներ, որոնք հնարավոր է տեղափոխել ճամփորդելիս:

Իրերի պահարան

Սկզբնական շրջանում փոքրիկի իրերը շատ չեն լինի, նույնիսկ կարող եք կարծել, որ մահճակալի դարակները կբավարարեն: Բայց 1-2 ամիս անց  կհասկանաք, որ նրան առանձին պահարան է անհրաժեշտ: Այնպես որ, լավ կանեք՝ նախքան իրերը տեղավորելու հրամայականը հոգաք այդ մասին եւ պատվիրեք պահարան, որը տարողունակ կլինի նաեւ նրա խաղալիքների ու գրքերի համար:

Կերակրելու համար տարածք

Մայրիկին պետք է հարմարավետ լինի կրծքով կերակրումը: Մի քանի ամիս անց դա անելու եք ամենաանհավանական վայրերում ու դիրքերով: Բայց քանի դեռ լակտացիան չի ձեւավորվել, այդ պրոցեսը ժամանակատար է լինելու, հետեւաբար վայրը պետք է  լինի հարմար:  Արժե ձեռքի տակ դնել նաեւ հեռախոսը, մեկ բաժակ ջուր եւ այն ամենը, ինչ կարող է պետք գալ կերակրելիս:

Հանգստի հարմարանք

Աթոռակները, ճոճասայլակներն ու այլ հարմարանքները ցանկալի է գնել փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո միայն: Մի քանի շաբաթ անց ծնողները կհասկանան, թե ինչ բնավորության տեր է փոքրիկը եւ քնի, կերակրման ու զբոսանքի միջեւ ընկած ժամանակահատվածում ինչով կարելի է զբաղեցնել:

Շարունակելի

Աղբյուրը՝ mama.ru