Նորածնի լացի հիմանական պատճառները

Երբեմն հնարավոր չէ հասկանալ նորածնի լացի պատճառը. երեխան կուշտ է, մայրը նրան գրկել, շոյել է, փորձել հանգստացնելու բոլոր միջոցները, բայց ապարդյուն, երեխան մի պահ լռում է, ապա նորից լալիս: Նշանակում է՝ պատճառն ուրիշ բան է:

Հիվանդություն: Լացի ամենահավանական պատճառը, մանավանդ երբ երեխան սովորականի պես չի լալիս, հիվանդությունն է: Անսովոր ինչ-որ բան նկատելուց հետո մայրը պետք է բժշկի դիմի. հնարավոր է` նրա մի տեղը ցավում է: Մրսածությունը կամ քթի խցանումը զրկում են երեխային հարմարավետության զգացումից: Բժիշկը քթի կաթիլներ կնշանակի, և երեխայի լացը կդադարի: 

Ցան և քոր /շփաբորբ/: Լացի նույնքան հավանական  պատճառներից է: Եթե լացի պատճառը քորն է, պետք է երեխայի հագուստը հանել, լողացնել և համապատասխան քսուքներ օգտագործել:

Խիթեր /ծածկոցներ/: Սովորաբար առաջանում են օրվա նույն ժամին, ավելի հաճախ` երեկոյան: Այդ ժամանակ երեխան բարձր ու անմխիթար լալիս է 2-3 ժամ շարունակ: Ճիշտ է, դրանք վտանգավոր չեն, բայց պետք է խորհրդակցել մանկաբույժի հետ, որ ծնողները խիթերը չշփոթեն ավելի լուրջ հիվանդության հետ:

Արտաքին գրգռիչ: Հնարավոր է երեխան մրսում է: Սենյակի ամենաբարենպաստ ջերմաստիճանը 18-21աստիճանն է: Պետք է խուսափել սենյակը չափից շատ տաքացնելուց: Եթե փոքրիկի մեջքը թաց է, ուրեմն շոգում է, հարկավոր է հագցնել ավելի թեթև հագուստ, փոխել ծածկոցը: Եթե երեխան քրտնում է, սավանի տակ պետք է սրբիչ փռել: Վառ լույսը նույնպես կարող է անհանգստացնել երեխային, հարկավոր է հետևել, որ լույսը կամ արևի շողերը երեխայի աչքերին չընկնեն:

Չսիրած զբաղմունք: Երեխային դուր չեն գալիս հագցնելը, հանելը, լողացնելը, ականջները մաքրելը, եղունգները կտրելը և այլն: Որքան էլ նրանք աղեկտուր լաց լինեն, հարկավոր է այդ ամենը արագ հանել, իսկ հետո գրկել, փայփայել, որպեսզի հանգստանա:

Մոր վատ տրամադրությունն ու խուճապը: Երեկոյան մայրը սովորաբար հոգնում է, երբեմն նաև զայրանում երեխայի հոգնեցնող արարքներից: Դա ուղղակիորեն անդրադառնում է փոքրիկի վրա,  նա ավելի է գրգռվում մոր  խուճապահար տրամադրությունից: Մինչ մայրը փոխում է տակաշորը, անվերջ փորձում է նրան կերակրել, անհանգիստ ու հուզված քննարկում է լացի պատճառները, երեխան ավելի ու ավելի բարձրաձայն է լաց լինում: Այնպես որ, սիրելի՛ մայրիկներ, կառավարեք ձեր հույզերը՝ չմոռանալով հանգստի մասին։

 

 Հեղինակ՝  Անի Ասատրյան