- Ցավազրկող, ջերմիջեցնող դեղերից, կրծքով կերակրելու ժամանակ նախընտրելի է ացետամինոֆենը (պարացետամոլ),
Կերակրող մայրը կարող է չհրաժարվել սուրճ, թեյ, շոկոլադ օգտագործելուց, բայց չի կարելի չարաշահել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոֆեինի կամ շոկոլադի 0.5 – 1 տոկոսն է անցնում կաթի մեջ: Բայց առանձին դեպքերում կոֆեինը, շոկոլադի պարունակած թեոբրոմինը կարող են անհանգստացնել նորածիններին:
- Մասնագետներից շատերը գտնում են, որ քիչ քանակությամբ պրոգեստերոն պարունակող դեղամիջոցներն անվնաս են կերակրելու ընթացքում, մանավանդ որ հակաբեղմնավորիչների այդ խումբը կրծքով կերակրող մայրերի համար ավելի արդյունավետ է քան պրոգեստերոն – էստրոգեն համադրությունը: Ուսումնասիրությունները պարզել են, որ միայն պրոգեստերոն պարունակող դեղամիջոցները չեն ազդում կրծքի կաթի քանակի, որակի, երեխայի աճի, զարգացման վրա, նույնիսկ կարող են ավելացնել կաթը: Այդուհանդերձ, նախքան օգտագործումը ճշտեք ձեր բժշկից:
- Շատ զգույշ պետք է լինել հակադեպրեսատներ և տրանկվիլիզատորներ գործածելիս, քանի որ դրանց մեծ մասը անցնում է կրծքի կաթի մեջ և ազդում փոքրիկի վարքագծի վրա: Պետք է լավ կշռադատել և ճիշտ ընտրություն կատարել այդ դեղամիջոցներն օգտագործելու պահանջի և փոքրիկին կրծքով կերակրելու անհրաժեշտության միջև: Պետք է հիշել, որ երեխային կրծքից շուտ կտրելը կարող է մոր ընկճվածության պատճառ դառնալ, քանի որ նվազում են կերակրելու ժամանակ արտադրվող հորմոնները, որոնք հայտնի են հանգստացնող ներգործությամբ:
- Նորագույն ուսումնասիրությունները հերքում են այն պնդումը, թե գինին բուժում է ընկճվածությունը, իսկ ոգելից գարեջուրը նպաստում է կաթի գոյացմանը: Ալկոհոլ օգտագործելը կերակրող մոր համար վտանգավոր է 2 պատճառով` ալկոհոլն արագ և գրեթե նույն խտությամբ, որքան թափանցում է մոր արյան մեջ, անցնում է կրծքի կաթի մեջ, իսկ փոքրիկի օրգանիզմն ի վիճակի չէ չեզոքացնել ալկոհոլի թունավոր ազդեցությունը: Ալկոհոլը հակազդում է կաթի արտադրությանը, որքան մեծ է ալկոհոլի խտությունը, այնքան զգալի է այդ ազդեցությունը: Կենդանիների վրա կատարված փորձերն ապացուցում են, որ ալկոհոլը նվազեցնում է կաթի քանակը և տալիս տհաճ համ: Կրծքով կերակրելու ընթացքում ալկոհոլի օգտագործումը խախտում է երեխայի շարժողական համակարգի ձևավորման ընթացքը, այդ ազդեցությունը ուղիղ համեմատական է ալկոհոլի քանակությանը: Գարեջուրը վաղուց ի վեր համարվում է կաթի արտադրությունը խթանող: Հետազոտությունները պարզել են, որ նրա բաղադրության մեջ մտնող նյութերն իսկապես նպաստում են պրոլակտինի գոյացմանը, բայց ոգելից գարեջուրը նույնատիպ ազդեցություն չի ունենում:
Buybook