Անհասության ռետինոպաթիան ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել

Անհասության ռետինոպաթիայի առաջացումն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Անհասության ռետինոպաթիայի ազգային ծրագրի համակարգող, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Ռուզաննա Հարությունյանը,

կանխարգելման հարցը պետք է սկսել հղիության առաջին օրերից:

 

«Հղիության առաջին օրերից ուշադրության կենտրոնում պետք է լինի կնոջ առողջական վիճակը, կրած խրոնիկ հիվանդությունները, պտղի զարգացման վիճակը' ինչպե՞ս է այն ընթանում, կա՞ արդյոք հիպոքսիայի վիճակ ներարգանդային զարգացման ընթացքում, արդյոք ծնողը կրո՞ւմ է ինֆեկցիոն հիվանդություններ կամ գինեկոլոգը, որը հսկում է այդ կնոջ հղիության ընթացքը, տեսնո՞ւմ է անհաս պտղի զարգացման վտանգ»,- բացատրեց Ռ. Հարությունյանը' հավելելով, որ հետծննդաբերական շրջանում անհրաժեշտ է ապահովել երեխայի խնամքի համար պահանջվող թթվածնի բավարար քանակ, բավարար լուսավորություն, եթե կարիք կա' արյան փոխներարկում եւ այլն: Այս ամենը, ըստ ակնաբույժի, պետք է կատարվի նեոնատոլոգի անմիջական հսկողության ներքո, որպեսզի այն գործոնները, որոնք պատճառ են դառնում անհասության ռետինոպաթիայի զարգացման, հասցվեն նվազագույնի, դրանից հետո պետք է շարունակվի պրոցեսը մինչեւ անոթավորումը եւ ավարտվի հետծննդաբերական շրջանում նեոնատալ ինտենսիվ խնամքի կենտրոններում:

«Սա ժառանգաբար փոխանցվող երեւույթ չէ, այն հիվանդություն չէ, այլ անհաս ցանցաթաղանթ է. երեխան ծնվում է անհաս ցանցաթաղանթով: Փոքրիկի ցանցաթաղանթի անոթները պետք է ներարգանդային զարգացման ընթացքում ձեւավորվեին մինչեւ հղիության քառասուներորդ շաբաթը, եւ երեխան ծնվեր լիարժեք ցանցաթաղանթով, երեխան դրսում է հայտնվում 28 շաբաթական հղիությունից հետո, եւ այդ ամբողջ գործընթացը շարունակվում է արդեն ինտենսիվ խնամքի կենտրոններում»,- ասաց Ռ. Հարությունյանը' նկատելով, որ իրենք ուզում են կանխարգելել անհաս ռետինոպաթիայի զարգացումը, որովհետեւ երեխան ծնվում է ոչ ռետինոպաթիայով, այլ անհաս ցանցաթաղանթով, բացի այդ, հայտնաբերվում են նշաններ, որոնց բուժման կարիք է լինում: Առաջին կարեւոր բուժումը լազերայինն է' կանխարգելելու համար շարունակական ընթացքը ցանցաթաղանթի պաթոլոգիկ անոթավորման, որպես շարունակություն արդեն դիտվում է համապատասխան վիրահատությունը:

«Որքան ժամանակին արվի գործողությունը, այնքան հույս կունենանք երեխայի կենտրոնական տեսողության պահպանման»,-տեղեկացրեց Ռ. Հարությունյանը' որպես ակնաբույժ խորհուրդ տալով. երեխա պլանավորելիս զույգը թող լիարժեք հետազոտվի, խնամվի, եւ գտնվի համապատասխան մասնագետի ուշադրության ներքո: Նրա խոսքով' դա շատ կարեւոր է, այլապես շրջանցում են ամեն խնդիր, հղիության շրջանն անց են կացնում խրոնիկ հիվանդություններով, եւ մի գեղեցիկ օր մեկ ժամվա ընթացքում հասցնում են լույս աշխարհ բերել շուրջ 700 գրամ քաշով երեխաներ. 1500 գրամից պակաս երեխան, ըստ մասնագետի, ռիսկ ունի անհասության ռետինոպաթիայի զարգացման: