Երբեմն հնարավոր չէ հասկանալ նորածնի լացի պատճառը. երեխան կուշտ է, մայրը նրան գրկել, շոյել է, փորձել հանգստացնելու բոլոր միջոցները, բայց ապարդյուն, երեխան մի պահ լռում է, ապա նորից լալիս: Նշանակում է՝ պատճառն ուրիշ բան է:
Հիվանդություն: Լացի ամենահավանական պատճառը, մանավանդ երբ երեխան սովորականի պես չի լալիս, հիվանդությունն է: Անսովոր ինչ-որ բան նկատելուց հետո մայրը պետք է բժշկի դիմի. հնարավոր է` նրա մի տեղը ցավում է: Մրսածությունը կամ քթի խցանումը զրկում են երեխային հարմարավետության զգացումից: Բժիշկը քթի կաթիլներ կնշանակի, և երեխայի լացը կդադարի:
Ցան և քոր /շփաբորբ/: Լացի նույնքան հավանական պատճառներից է: Եթե լացի պատճառը քորն է, պետք է երեխայի հագուստը հանել, լողացնել և համապատասխան քսուքներ օգտագործել:
Խիթեր /ծածկոցներ/: Սովորաբար առաջանում են օրվա նույն ժամին, ավելի հաճախ` երեկոյան: Այդ ժամանակ երեխան բարձր ու անմխիթար լալիս է 2-3 ժամ շարունակ: Ճիշտ է, դրանք վտանգավոր չեն, բայց պետք է խորհրդակցել մանկաբույժի հետ, որ ծնողները խիթերը չշփոթեն ավելի լուրջ հիվանդության հետ:
Արտաքին գրգռիչ: Հնարավոր է երեխան մրսում է: Սենյակի ամենաբարենպաստ ջերմաստիճանը 18-21աստիճանն է: Պետք է խուսափել սենյակը չափից շատ տաքացնելուց: Եթե փոքրիկի մեջքը թաց է, ուրեմն շոգում է, հարկավոր է հագցնել ավելի թեթև հագուստ, փոխել ծածկոցը: Եթե երեխան քրտնում է, սավանի տակ պետք է սրբիչ փռել: Վառ լույսը նույնպես կարող է անհանգստացնել երեխային, հարկավոր է հետևել, որ լույսը կամ արևի շողերը երեխայի աչքերին չընկնեն:
Չսիրած զբաղմունք: Երեխային դուր չեն գալիս հագցնելը, հանելը, լողացնելը, ականջները մաքրելը, եղունգները կտրելը և այլն: Որքան էլ նրանք աղեկտուր լաց լինեն, հարկավոր է այդ ամենը արագ հանել, իսկ հետո գրկել, փայփայել, որպեսզի հանգստանա:
Մոր վատ տրամադրությունն ու խուճապը: Երեկոյան մայրը սովորաբար հոգնում է, երբեմն նաև զայրանում երեխայի հոգնեցնող արարքներից: Դա ուղղակիորեն անդրադառնում է փոքրիկի վրա, նա ավելի է գրգռվում մոր խուճապահար տրամադրությունից: Մինչ մայրը փոխում է տակաշորը, անվերջ փորձում է նրան կերակրել, անհանգիստ ու հուզված քննարկում է լացի պատճառները, երեխան ավելի ու ավելի բարձրաձայն է լաց լինում: Այնպես որ, սիրելի՛ մայրիկներ, կառավարեք ձեր հույզերը՝ չմոռանալով հանգստի մասին։
Հեղինակ՝ Անի Ասատրյան