Երեխան սովորաբար լացում է մեծահասակներին որոշակի հաղորդագրություն հասցնելու համար: Մեծահասակների նման հաղորդակցվել, խոսել երեխաները չեն կարող, ուստի նրանց պարագայում լացը կարևոր դեր է խաղում իրենց կարիքների մասին մեծահասակներին տեղեկացնելու գործում:
Մեծահասակի խնդիրն է ապակոդավորել երեխայի լացը և հասկանալ, թե ինչ է ցանկանում ասել երեխան:
Քաղցած է
Քաղցը երեխայի լացի հիմնական պատճառներից է: Մանկիկի լացը մայրիկի հետ կապ հաստատելու նպատակ ունի:
Նորածինները հաճախակի են սնվում: Նրանցից ոմանք մեծ ախորժակ են ունենում և արագ-արագ են կուրծքը ծծում կերակրման սկզբին` կուլ տալով նաև օդ: Դա հետագայում ստամոքսում գազեր է առաջացնում` էլի լացի պատճառ դառնալով: Փոքրիկը կարող է լացել երբ կարիք ունի զկռտալու սնվելու ընթացքում կամ դրանից հետո: Պատճառը սննդի հետ կուլ տված օդն է, որ փոքրիկի մոտ տհաճություն է առաջացնում: Աղիքներում կուտակված գազերը ևս կարող են լացի պատճառ դառնալ:
Մանկիկները նաև չեն կարող հոգալ իրենց կարիքները, շարժվել, ուստի երբ, օրինակ, թացացնում են տակը, լացում են` մայրիկին տեղեկացնելու կատարվածի մասին:
Քնատ է
Երբ երեխան հոգնում է, քնի կարիք է ունենում` նրանք հաճախ ունենում են ավելի շատ քնի և հանգստի կարիք: Երբեմն երեխան կարող է օրական 16 ժամ և ավելի քնել: Երբ մանկիկը հոգնածություն զգա, նա կլացի` հոգածություն և համապատասխան վերաբերմունք ստանալու համար:
Որոշ երեխաներ իրենց հարմարավետ են զգում, երբ տաք ծածկված են, մինչդեռ որոշ երեխաներ էլ իրենց հարմարավետ են զգում, երբ թեթև են հագնված: Երբ երեխայի նշված կարիքները չեն բավարարվում, նա լացում է:
Շարժունության պակաս
Երեխաները սիրում են շարժվել, վազվզել: Նորածինն այդ անել չի կարող, փոխարենը սիրում է, որ մեծահասակներն իրեն տեղից տեղ տեղափոխեն, նույն դիրքում ու վայրում երկար չթողնեն: Ուստի երբեմն փոքրիկի լացը կարող է նաև ազդանշան լինել, որ նա ուզում է միջավայրի ու դիրքի փոփոխություն:
Միայնություն
Միայնությունը և ձանձրույթն ազդում է նաև մանկիկների վրա: Նրանք լացում են, երբ մենակ են իրենց զգում կամ ձանձրանում են: Նույն հաջողությամբ փոքրիկը կարող է լացել` հասկացնելու, որ հոգնել է ցանկացած գործողությունից և էլ չի ուզում դա անել, օրինակ` սնվել, խաղալ և այլն:
Աղմուկ
Ուժեղ աղմուկը ևս կարող է փոքրիկի մոտ անհարմարավետության զգացում առաջացնել և լացի պատճառ դառնալ: Այս պարագայում հարկավոր է նվազեցնել աղմուկը` ցածրացնել հեռուստացույցի ձայնը, փակել պատուհանը և այլն:
Վարքային խնդիրներ
Լացը կարող է լինել նաև փոքրիկի վարքի մի մասը. Գործողություն, որ նա պետք է անպայման անի, որպեսզի օրվա ձեռքբերումների զգացողություն ունենա: Այս պարագայում լացը դառնում է փոքրիկի ամենօրյա կյանքի մի մասը: Նման պարագայում ավելի լավ է, որ թողնեք փոքրիկը լացի իր չափաբաժինը և հանգստանա:
Ալերգիկ ռեակցիա
Սնունդը, որ ընդունում է մայրիկը, հաճախ կարող է փոխել մայրական կաթի համը, ինչը մանկիկի մոտ կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել: Նման պարագայում փոքրիկի լացը ազդանշան է, որ կաթի համն այն չէ: Ցանկալի է, որ մայրիկները կարողանան տարբերակել նման լացն ու քայլեր ձեռնարկեն` հետագայում նման խնդիրներից խուսափելու համար:
Հեռվից լսում է ծնողների ձայնը
Երբ ծնողները մանկիկին այլ հարազատի կամ օտարի մոտ են թողնում որոշ ժամանակ, հեռվից ծնողների ձայնը լսելուց երեխան կարող է սկսել լացել` հասկացնելով, որ ուզում է մոտենալ մայրիկին:
Այլ պատճառներ
Մանկիկի լացը բազմաթիվ այլ պատճառներ կարող է ունենալ, օրինակ` տհաճ հոտ, ձայն և ցանկացած այլ բան, որ նրան կարող է անհարմարավետություն պատճառել:
Ամեն դեպքում, լացն առողջարար է մանկիկի համար. այն հավասարակշռում է զգացմունքները և նպաստում է հորմոնների արտադրմանը, որոնք մանկիկին հարմարավետություն են ապահովում:
Նյութն ըստ parentingnation.in կայքի