Երեխայի զարգացումն առաջին 3 ամիսներին – մաս 1

 

Ծննդյան պահին երեխան ոչինչ չգիտի եւ ոչինչ չի հասկանում:  Բայց շատ արագ սովորում է ճանաչել հոտն ու ձայնը այն մարդու, ով  կերակրում է իրեն կամ ով իր գիրկն է առնում:

Բայց փոքրիկը, իհարկե, չի գիտակցում, որ այդ մարդն իր մայրն է: Նա անդադար սովորում է, եւ ծնողների աշխատանքը հենց այդ պրոցեսը հեշտացնելն է: Հիշեք, որ փոքրիկի համար ամեն ինչ նոր է եւ վախեցնող, անգամ տակդիր փոխելը:

Սոցիալական եւ հուզական զարգացում

  • Նորածինները չեն հասկանում` ինչ է կատարվում իրենց հետ
  • Նրանք չգիտեն, որ իրենք մարդ են
  • Նրանք չգիտեն` ով է օգնում իրենց, երբ լացում են
  • Նրանք երջանիկ են, երբ կուշտ են, բայց չգիտեն` ինչ է երջանկությունը
  • Նրանք լացում են, երբ քաղցած են կամ ուզում են քնել, բայց նրանք չգիտեն, որ իրենց խնամում են:

    Առաջին ու, ըստ ամենայնի, ամենակարեւոր փաստը, որ պետք է գիտակցել, այն է, որ նորածինը չի գիտակցում, որ ինքն առանձին անձ է եւ կարող է ունենալ հարաբերություններ: Նորածինները լաց չեն լինում` ուշադրություն գրավելու կամ ծնողի վրա ազդելու համար: Առաջին երեք ամիսներին փոքրիկը չի կարող որոշել լաց լինել: Նրանք լացում են, որովհետեւ իրենց ներսում ինչ-որ բան է կատարվում: Քանի որ նորածինները միայն զգում են եւ չեն կարողանում մտածել, նրանք կարող են որսալ ձեր հույզերն ու խաղաղվել, երբ դուք ինքներդ խաղաղ եք եւ հակառակը: Երեխաները տարբեր են, եւ յուրաքանչյուրը զարգանում է յուրովի:  Մարդու դեմքն առաջին ու ամենակարեւոր  պատկերն է, որ նորածինը ֆիքսում է: Նրա համար շատ կարեւոր է նաեւ ձայնը: Հիշեք` երեխան հետաքրքրված է  ձեր ձայնով ու դեմքով:  Ցույց տվեք նրան ձեր դեմքն ու հանդարտ զրուցեք: Երեխաներն ուզում են իրենց անվտանգ ու ապահով զգալ: 4-6 շաբաթականում նրանք սովորաբար սկսում են ժպտալ եւ ուշադիր զննել շրջապատը:

Աղբյուրը` www.cyh.com