Հղիության սխալ արհեստական ընդհատումը կարող է մինչև անգամ ուռուցքային հիվանդությունների հանգեցնել

Գոյություն ունի հղիության արհեստական ընդհատման երկու տարբերակ` բժշկական միջամտությամբ և հաբային: Հղիությունը կարող է ընդհատվել բժշկական ցուցումներով և մոր ցանկությամբ:

«Եթե հղիությունն ընդհատվում է բժշկական ցուցումներով, ապա այդ հղիությունը կարող է ընդհատվել ցանկացած պահի, երբ պտղի կամ մոր կյանքին կարող է վտանգ սպառնալ: Մոր ցանկությամբ  հղիության ընդհատումը կատարվում է մինջև  տասներկու շաբաթականը և կարող է իրականացվել և' վիրահատային, և' դեղորայքային տարբերակով»,- պարզաբանում է Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ Մանուշակ Հովհաննիսյանը:

Հիմա հղիության ընդհատումը բժշկության կողմից սկսում է ընկալվել որպես ընտանիքի պլանավորում: Ընտանիքի պլանավորումը ոչ թե երեխաների քանակի պլանավորումն է, այլ հղիության. այսինքն` հղիությունը կազմակերպել այն ժամանակ, երբ զույգը պատրաստ է երեխայի լույս աշխարհ գալուն:

«Դա պայքար է հղիության արհեստական ընդհատման դեմ, որովհետև յուրաքանչյուր ընդհատում հանգեցնում է բազմաթիվ խնդիրների, - ասում է գինեկոլոգը,- պատկերացնենք այսպիսի օրինակ` գարնանը, երբ ծառերը սկսում են ծաղկել, դու այդ ծաղկած ծառը դնում, կտրում ես, այդպես էլ ամբողջ օրգանիզմը: Օրգանիզմը պատրաստվում է հղիության, ամբողջ իր հորմոնալ, հոգեբանական վիճակով, պատրաստվում է պտուղ բերելուն, և դու միանգամից կտրում ես այդ ամենը, և օրգանիզմը սկսում է հետ զարգանալ»:

Մասնագետի խոսքով`արհեստական ընդհատումը կարող է անգամ ուռուցքային, կրծքագեղձային հիվանդությունների բերել, գենիտալ օրգանների և բորբոքային բարդությունների հանգեցնել:

«Հենց ընդհատումներից են բազմաթիվ խնդիրներ լինում` բորբոքայինից մինչև անգամ սեռական օրգանների վիրահատություններ, պատռվածքներ և այլն: Իսկ առաջին հղիության ժամանակ ընդհանրապես ցանկալի չէ ընդհատում կատարել, որովհետև հիմնականում բարդությունները շատ ավելի են լինում»:

Այսօր հաճախ են հենց տնային պայմաններում հաբային ընդհատում կատարում` անգամ առանց բժշկի խորհրդատվությամբ:

«Հաբային ընդհատումն էությամբ նույն ընդհատումն է`մի քիչ ավելի մեղմ ձևով: Հիմա մեր ժողովրդի մեջ մտել է հաբային ընդհատումը` դեղագետի կամ ընկերուհու, հարևանուհու ցուցումներով, ինչը  կատեգորիկ հակացուցված է»,-ասում է Հովհաննիսյանը:

Հաբային ընդհատումը պետք է կատարվի միմիայն բժշկի ցուցումներով, բժշկի հսկողությամբ, որովհետև այն ունի իր բարդությունները, հակացուցումները, դժվարությունները:

«Բացի մանկաբարձ-գինեկոլոգից, ոչ մեկը կոնպետենտ չէ: Ինչպես վիրաբուժական ընդհատումը չի կարելի տնային պայմաներում հարևանուհու օգնությամբ իրականացնել, այնպես էլ հաբայինը»:

 

 

Լիանա Հովհաննիսյան