Գոյություն ունեն տարբեր տեսակի հակաբեղմնավորիչներ, ինչպես հաբեր, ներարգանդային պարույրներ, հորմոնալ հակաբեղմնավորիչներ, մոմիկներ, պատնեշային միջոցներ` պահպանակներ:
Բոլոր հակաբեղմնավորիչներն էլ, ըստ Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ Մանուշակ Հովհաննիսյանի, ունեն պաշտպանության բարձր տոկոս: Հակաբեղմնավորիչները, սակայն, ավելի արդյունավետ կգործեն, եթե ընտրվեն ըստ զույգի առանձնահատկությունների:
«Զույգերը, նախքան որևէ հակաբեղմնավորիչի օգտագործումը, ցանկալի է, որ այցելեն մասնագետի, որը խորհուրդ կտա, թե տվյալ զույգի համար որ հակաբեղմնավորիչն է ավելի նպաստավոր»,- ասում է գինեկոլոգը:
Հակաբեղմնավորիչներից, որպես ամենաարդյունավետը, Հովհաննիսյանն առանձնացնում է հաբերը: Անցանկալի հղիությունից արդյունավետ են պաշտպանում նաև հորմոնալ պրեպարատները, սակայն դրանք էլ պետք է օգտագործվեն միայն բժշկի ցուցումներով:
Մասնագետը նշում է, որ յուրաքանչյուր հակաբեղմնավորիչ ունի իր ցուցումները և հակացուցումները. դա վերաբերվում է և’ ներարգանդային պարույրներին, և’ պահպանակներին, և’ հաբերին, և’ տեղային մոմիկներին, որոնք հենց տվյալ սեռական ակտից են պաշտպանում:
Գինեկոլոգի խոսքով` հակաբեղմնավորիչները բացասական ազդեցություն չեն թողնի, եթե կիրառելիս հաշվի առնեն դրանց հակացուցումները` օրինակ վարիկոզ լայնացումով կամ լյարդի լայնացումով կանանց հորմոնալ պրեպարատները հակացուցված են:
Մասնագետը նշում է, որ «հանրության մոտ հակաբեղմնավորիչների բացասական ազդեցության վերաբերյալ անհանգստությունները չափազանցված են. ճիշտ կիրառելու դեպքում դրանք կնոջ մոտ մազակալության կամ քաշային խնդիրներ չեն առաջացնի, և դեղորայքի ընդունումը դադարեցնելուց հետո էլ հեշտությամբ հղիանում են»:
Լիանա Հովհաննիսյան