Ծննդաբերության փուլերը /2/

Երկրորդ փուլ

Հենց որ արգանդի վզիկը լրիվ բացվի, և սկսվեն ճիգերը, պտուղը ճիգերի և կծկանքների ազդեցության տակ դուրս կհրվի ծննդաբերական ուղիներից:  

Սովորաբար 2-րդ փուլը երկար չի տևում` կես ժամից մինչև 2 ժամ: Ծննդաբերության ընթացքում պտղի գլուխը կատարում է մի շարք պտտական և համընթաց շարժումներ, որպեսզի հարմարվի կոնքի խոռոչի չափերին, ընդ որում` գլուխը փորձում է իր ամենափոքր չափերով անցնել կոնքի ամենալայն հատվածով, սովորաբար ծոծրակային մասը առաջ պահած:

Այդ դիրքը գրավելու համար նա գլուխը թեքում է, կզակը կպցնում կրծքին: Հենց երեխայի գլուխը հասնի հեշտոց, մանկաբարձուհին ծննդկանին կխնդրի հաճախակի շնչել և դադարել ճիգ գործադրել, որպեսզի գլուխը հնարավորություն ունենա հնարավորության սահմաններում դանդաղ դուրս գալ: Այս ընթացքում շեքի մաշկն ու մկանները ձգվում են, և երեխայի գլուխը հանգիստ դուրս է գալիս: Եթե շեքի պատռվածքի վտանգ առաջանա, փոքրիկ կտրվածք կանեն շեքի վրա: Գլուխը դուրս գալուց հետո երեխայի մարմինը շատ արագ դուրս կգա:

 

Հենց փոքրիկը ծնվի, նրան վեր կբարձրացնեն, որ տեսնեք նրան: Պորտալարը կսեղմեն հատուկ սեղմակով, և մանկաբարձուհին կստուգի երեխային, որ համոզվի` ամեն ինչ կարգին է և նա շնչում է, որից հետո երեխային կդնի մոր կրծքին:

Երրորդ փուլ

Ծննդաբերության վերջին փուլն է, որը տևում է մինչև կես ժամ: Այս ընթացքում ընկերքն անջատվում է և ծնվում: Այդ անջատումն արագացնելու համար անհրաժեշտության դեպքում հատուկ ներարկում է կատարվում, օրինակ` օքսիտոցին:  Մանկաբարձուհին կստուգի, թե արդյոք ընկերքը լրիվ է դուրս մղվել: Եթե կտրվածք է արվել, անպայման կկարեն:

Շարունակելի

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

Ըստ «Առողջ մայրություն» ձեռնարկի, Երևան 2003թ.,