Որպեսզի երեխան կարողանա լույս աշխարհ գալ բնական ճանապարհով, անհրաժեշտ է երեք նախապայման` ծննդաբերական արդյունավետ ցավեր, արգանդի վզիկի նորմալ բացում և երեխայի առաջ շարժում մոր ծննդաբերական ուղիներով:
Երկունքի ցավերը առաջացնում են արգանդի վզիկի աստիճանական բացում, որը առաջնածինների մոտ տևում է 12-14 ժամ, իսկ կրկնածինների մոտ` 7-8 ժամ: Արգանդի վզիկը բացվում է 10-12 սմ և պտուղը լույս աշխարհ է գալիս:
Ծննդաբերությունը 3 փուլ ունի. բացման, արտամղման և ընկերքային:
Առաջին փուլ
Ծննդաբերության սկզբում արգանդի վզիկը փակված է, հետո քիչ-քիչ բացվում է: Դրանից հետո երեխան արդեն կարող է սկսել առաջ շարժվել կոնքի խոռոչով, ծննդաբերական ուղիներով:
Ծննդաբերության տևողությունը կախված է արգանդի վզիկի բացվելու տեմպից: Իսկ այդ պրոցեսն իր հերթին կախված է երեք հանգամանքից` երկունքի ցավերի արդյունավետությունից, այն դիրքից, որտեղ գտնվում է երեխայի գլուխը մոր արգանդում և նախորդ ծննդաբերությունների թվից:
Սովորաբար առաջին ծննդաբերության ժամանակ արգանդի վզիկը բացվում է 1 ժամում մոտավորապես 1 սմ, իսկ հաջորդ ծննդաբերությունների ժամանակ` 1 ժամում 1,5 սմ: Արգանդի վզիկը լրիվ բացված է համարվում 10 սմ-ի դեպքում:
Երկունքի ցավերը, որ սկզբում շատ ուժեղ ու հաճախակի չէին, առաջին փուլի վերջում սաստկանում են և դրանց միջև ընդմիջումը համարյա անհետանում է: Երբ երկունքի ցավերը կրկնվում են ամեն 20-30 րոպեն մեկ և տևում 10-15 վայրկյան, հարկավոր է ծննդատուն գնալ:
Առաջին փուլի վերջում սկսվում է անցումային փուլը, որը կարող է տևել մի քանի րոպե կամ մեկ ժամի չափ: Այդ ընթացքում երեխան շարժվում է ծննդաբերական խողովակով, և մայրը ճնշում է զգում ուղիղ աղիքի և կոնքի հատակի մկանների վրա: Ճնշումը ստիպում է ճիգեր գործադրել և արտամղել պտուղը:
Ինչպես հաղթահարել երկունքի ցավերը ծննդաբերության առաջին շրջանում
Աշխատեք գտնել մարմնի այնպիսի դիրք, որ պտղի համար հարմար լինի: Կան բազմաթիվ դիրքեր: Ամենահարմարն այն դիրքն է, երբ դուք կանգնած եք ոտքերը հեռու տարածած և առաջ եք թեքվում այնպես, որ արգանդը ողնաշարից որքան հնարավոր է հեռու լինի: Առաջին շրջանում երկունքի ցավերի ժամանակ կարելի է նաև ամուսնուն հենվել կամ ծնկի իջնել, իսկ գլուխն ու ձեռքերը դնել աթոռի վրա դրած բարձին: Եթե դժվար է այդ դիրքում մնալը, չորեքթաթ իջեք և պտուղը գոտկատեղը չի ճնշի: Երկունքի ցավերի հաճախացման ժամանակ ավելի հարմար է հենվել լայնորեն բացված ծնկների վրա, իսկ ձեռքերով և կրծքով հենվել բարձերի վրա` կարծես դրանք գրկելով:
Շարունակելի
Ըստ «Առողջ մայրություն» ձեռնարկի, Երևան 2003թ.,