Ինչպե՞ս է ձեւավորվում Ձեր ապագա փոքրիկն ու ինչպե՞ս է պատրաստվում լույս աշխարհ գալուն

Հղիությունը կնոջ օրգանիզմում բեղմնավորված ձվաբջջի գոյացման և զարգացման շարժընթացն է, որն սկսվում է ձվարանում հասունացած ձվաբջջի (կնոջ սեռական բջիջ) և սերմնաբջջի (տղամարդու սեռական բջիջ) միաձուլման պահից (բեղմնավորում) և ավարտվում երեխայի ծննդով:

Բեղմնավորումը սովորաբար տեղի է ունենում արգանդափողի լայնանքում, որտեղից բեղմնավորված ձվաբջիջը տեղափոխվում է արգանդի խոռոչ: Այդ տեղաշարժի ժամանակ ձվաբջիջը փոխակերպվում է բազմաբջիջ սաղմի կամ պտղաձվի և ամրանում արգանդի լորձաթաղանթին:

Սաղմի ամրացման տեղում առաջանում է մանկան տեղը՝ ընկերքը, որը պտղին (զարգացման 8-րդ շաբաթից հետո) միանում է պորտալարով: Ընկերքը հարուստ է արյան անոթներով, որոնք հավաքվում են պորտալարում և սնունդ ու թթվածին են մատակարարում պտղին, ապա նրա օրգանիզմից հեռացնում նյութափոխանակության արգասիքները:

12 շաբաթ անց պտուղը նմանվում է փոքրիկ մարդուկի: Չնայած երկարությունը հասնում է ընդամենը 8 սմ-ի, բայց նա արդեն ունի ձեռքեր, ոտքեր, աչքեր, քիթ, բերան, ականջներ և կարող է շարժվել: 14 շաբաթականում պտուղը լրիվ ձևավորվում է, բայց շատ փոքր է ու թույլ, որպեսզի կարողանա ապրել արտաքին միջավայրում: 24 շաբաթական անհաս նորածինները կարող են ողջ մնալ միայն ինկուբատորային պայմաններում:

Հղիությունը սովորաբար տևում է 40 շաբաթ: Այդ ընթացքում պտղի չափերը և մոր արգանդը մի քանի անգամ մեծանում են, ինչի հետևանքով մեծանում է նաև հղի կնոջ որովայնը: Մեծանում են նաև կաթնագեղձերը և հղիության ավարտին սկսում են կաթ արտադրել:

Հղիությունն ավարտվում է ծննդաբերությամբ, երբ տեղի է ունենում արգանդի խոռոչից պտղի ու ընկերքի արտամղում:

Ծննդաբերության ընթացքը բաժանվում է 3 փուլի. սկզբում աստիճանաբար բացվում է արգանդի վզիկը՝ լայնանալով մոտ 10 սմ, որով կարող է անցնել երեխայի գլուխը: Երկրորդ փուլում սկսում են կծկվել արգանդի մկանները, և պտուղը մղվում է դեպի դուրս: Այս կծկումներն անվանում են երկունք: Ծննդաբերական ուղիներով ամենից դժվար անցնում է գլուխը, բայց հենց որ այն երևում է, նրա հետ միասին հեշտությամբ դուրս է սահում երեխայի մարմինը: Նորածինը պորտալարով դեռևս կապված է լինում մոր ընկերքին: Պորտալարը կտրում են, որը հետո վերածվում է երեխայի պորտի: Ծննդաբերության ավարտին ընկերքն անջատվում է մոր արգանդից և դուրս է մղվում: Արգանդն աստիճանաբար կծկվում-սեղմվում է և որոշ ժամանակ անց ընդունում է նախկին չափսերը:

Այլ փաստեր 

1. Ընկերքը պտղին մատակարարում է մոր արյան հետ եկող թթվածին և սննդանյութեր: 2. Պորտալարով պտուղը միանում է ընկերքին: 3. Ծննդաբերությունից առաջ երեխան արգանդում տեղադրվում է գլուխը դեպի առաջ: 4. Արգանդի վզիկը մինչև ծննդաբերությունն սկսվելը մնում է փակ: 5. Աճող պտուղը ճնշում է մոր միզապարկը՝ առաջ բերելով հաճախակի միզարտադրություն: 6. Պտղաջրերը պտղին պահպանում են ցնցումներից ու հարվածներից: