Սովորաբար հղիությունն ուղեկցվում է սրտխառնոցով, տրամադրության հաճախակի փոփոխությամբ և այլն:
Սակայն այս ամենին շատ հաճախ գումարվում է նաև անքնությունը:
Սովորաբար անքնությունը սկսվում է հղիության առաջին շաբաթներից, և դա կարող է ունենալ տարբեր պատճառներ:
Առաջին շաբաթների քնի խանգարումները ենթադրաբար կախված են հորմոնալ մի շարք փոփոխությունների հետ:
Սակայն այլ պատճառներ ևս կան՝ հոգեբանական վիճակ, անհանգստություն: Անքնության վտանգի տակ կարող են հայտնվել դյուրագրգիռ նյարդային համակարգ ունեցող հղիները:
Քնի խանգարումները հղիության վերջում առաջանում են ոչ հարմար դիրքով պառկելուց, միզապարկի վրա պտղի ճնշումից և այլն: Պետք չէ մոռանալ այրոցների և միզելու հաճախակի ցանկության մասին:
Մի շատ կարևոր հանգամանք ևս պատճառ է դառնում անքնության: Հղի կանայք, գտնվելով ավելի հուզական շրջանում, ունենում են մղձավանջներ, անտեղի անհանգստություններ, վախեր և այլն: Այս ամենը, խախտելով կնոջ նուրբ հավասարակշռությունը, հանգեցնում է անքնության:
Անկախ անքնության պատճառներից, հղի կինը պետք է բացառի բոլոր տեսակի քնաբեր հաբերը, քանի որ ապացուցված է, որ դրանք պտղի վրա շատ բացասական են ազդում:
Այս ամենը կարելի է հարթել շատ պարզ և օգտակար մեթոդներով: Կարելի է խմել տաք կաթ, լսել մեղմ երաժշտություն, հանգստացնող լոգանք ընդունել: Գիշերվա ժամին խորհուրդ չի տրվում թեյ, սուրճ խմել կամ էլ ֆիլմ նայել՝ անքնությունը հաղթահարելու համար: Եթե անքնությունն արդեն շատ է անհանգստացնում, հարկավոր է խորհրդակցել հղիությանը հետևող բժշկի հետ. մշտական անքնությունը կարող է բացասաբար ազդել թե՛ մոր, թե՛ պտղի վրա:
Հղիությունը ոչ միայն հաճելի անակնկալ է, այլ նաև բարդ ֆիզիոլոգիական գործընթաց: Եվ միանգամայն բնական է, որ այն ուղեկցվում է ոչ այնքան հաճելի զգացողություններով: Սակայն առօրյան գրագետ կազմակերպելով և ճիշտ գիտելիքներ ստանալով՝ կարելի է նվազագույնի հասցնել դրանք և լիովին վայելել այն բերկրանքը, որ կոչվում է մայրություն:
Աղբյուրը՝ medportal.ru



