Կաթնամթերքի օգտագործումը շատ կարևոր է և’ հղիների, և’ երեխաների համար, քանի որ նրանք ավելի շատ ունեն սպիտակուցների և միկրոէլեմենտների պակաս:
«Կաթնամթերքը հարուստ լինելով սպիտակուցներով և միկրոէլեմենտներով, համարվում է հղիի սննդակարգի կարևոր մասը: Մենք գիտենք, որ հղիությունը մի ընթացք է, երբ մոր օրգանիզմում աճում է ևս մեկ օրգանիզմ, իսկ սպիտակուցներն համարվում են պտղի համար կառուցվածքային մատերիա, նրանք կառուցում են նոր պտղի բջիները»,- ասում է թիվ 1 ծննդատան գինեկոլոգ Նաիրա Վարդանյանը:
Ըստ մասնագետի սպիտակուցային սնունդ առկա է կաթնամթերքում և մսամթերքում: Կաթնամթերքը, բացի սպիտակուցներից իր մեջ պարունակում է կալցիում, իսկ այն շատ կարևոր է, որովհետև ձևավորում է պտղի ոսկրիկները:
«Կարևոր է շատ քանակով կալցիումի օգտագործումը, քանի որ պտուղը վերցնում է մորից իրենը, իսկ մայրը իր համար պետք է կուտակի այն: Այսինքն պտուղը կվերցնի կալցիումի իր մասը ոսկրերը կառուցելու համար, իսկ հղիի մոտ կզգացվի դրանց պակասը»,-բացատրում է գինեկոլոգը:
Կալցիումի պակասը կարող է դրսևորվել ատամների փչանալով, նյարդային ջղաձգումներով: Թեև մասնագետը նշում է, որ հղին միայն կաթնամթերքով չի կարող բավարարել իր կալցիումի պակասը, դրա համար նա տոննաներով կաթնամթերք պիտի օգտագործի, որն էլ հնարավոր չէ: Տվյալ պարագայում նշանակվում են դեղորայքային հավելումներ:
Կաթնամթերքը օգտակար է ոչ միայն հղիներին, այլ նաև երեխաներին:
«Կաթնամթերքը լի է կալցիումով, ֆոսֆորով, միկրոէլեմենտներով, որոնք էլ նպաստում են երեխայի ոսկրամկանային համակարգի զարգացմանը: Սպիտակուցներն այն օրգանական նյութերն են, որոնք կատարում են օրգանիզմի համար կարևոր բոլոր ֆունկցիաները, ոսկրերի, ատամների, կմախքի ձևավորման ինչպես նաև տոնուսի և շարժողականության համար»,- ասում է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի մանակաբուժության ամբիոնի վարիչ, մանկաբույժ Սուսաննա Աբրահամյանը:
Առաջին կաթնամթերքը, որ պետք է տալ երեխային, կաթնաշոռն է, այն նշանակվում է վեց ամսականը լրանալուց հետո: Կաթնաշոռն անհրաժեշտ է տալ ամեն օր, որոշակի քանակով: 9, 10,11 ամսականում կարելի է արդեն տալ քիչ յուղայնությամբ թթվասեր, նույն ժամանակում կարելի է պատրաստել շիլաներ:
«Երեխայի վեց ամիսը լրանալուց հետո կարելի է սկսել հավելյալ սնուցումը, այդ թվում են մրգերը, նոսրացված կովի կաթով խյուսերը և շիլաները/ երբ երեխան կրծքով չի կերակրվում/, կաթնաշոռը, որն իր մեջ պարունակում է բավականին շատ միկրոէլեմենտներ»,-ասում է մասնագետը:
Հայաստանում կաթնամթերքի շուկայի առաջատար երեք ընկերություններին` «Աշտարակ կաթ»-ին, «Դուստր Մարիաննա»-ին, «Անի»-ին, վերջերս տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը /ՏՄՊՊՀ/, տուգանեց կաթնամթերքում կոկոսի յուղ օգտագործելու համար, ինչն էլ հասարակության շրջանում տարբեր խոսակցությունների առիթ դարձավ: Շատերը կարծում են, որ կոկոսի յուղը խիստ վտանգավոր է մարդու առողջության համար:
Գինեկոլոգ Վարդանյանը նշեց, որ իր աշատանքային պրակտիկայում չի հանդիպել կաթնամթերքից տուժած հղիների:
Մանկաբույժ Աբրահամյանն էլ ավելացրեց, որ կոկոսի յուղն ունի ծանր էլեմենտներ, կարող է չյուրացվել օրգանիզմի կողմից, որպես արգասիք առաջացնելով ախտաբանական ռեակցիաներ: Երեխաների շրջանում, կաթնամթերքի հետ կապված վտանգավոր դեպքեր, ևս չեն գրանցվել:
Անի Ասատրյան