Տոքսիկոզը միակ տհաճությունը չէ, որ պատահում է հղիության ժամանակ: Հաճախ այն ուղեկցվում է այրոցով: Ինչու է հղիների մոտ այրոց առաջանում և ինչպես դրա դեմ պայքարել:
Նորմայում կերակրափող մտնող սնունդը պետք է ներքև իջնի: Դա պայմանավորված է սֆինկտերների առկայությամբ` սրանք մարսողական համակարգի տարբեր բաժինները միմյանցից տարանջատող ցիրկուլյար մկաններ են: Այդ բաժանումը կանխարգելում է տարբեր թթվայնության միջավայրների միախառնումը:
Այս մկանների թուլության դեպքում կերած սնունդը մասամբ հետ է դառնում կերակրափող, ինչն էլ կերակրափողի լորձաթաղանթի քիմիական այրում է առաջացնում: Հենց սրանից է առաջանում այն, ինչը կոչում ենք այրոց:
Ինչպե՞ս խուսափել այրոցի պատճառած տհաճ զգացողություններից
Նախ և առաջ հարկավոր է որոշակի դիետայի հետևել: Սննդացանկից պետք է բացառել տապակած, կծու և յուղոտ կերակրատեսակները: Այրոցի «ընկերներն» են համեմունքները, ալկոհոլը, թունդ թեյը, սուրճը, թթու խնձորները, կիսաֆաբրիկատները, երշիկեղենը:
Երկրորդը` ավելի լավ է ուտել քիչ-քիչ, բայց շուտ-շուտ` օրական հինգ-վեց անգամ փոքր չափաբաժիններով: Ուտելուց հետո որոշ ժամանակ ջուր պետք է չխմել:
Երրորդը` ուտելուց հետո պառկել չի կարելի` հորիզոնական դիրքը միայն կնպաստի, որ սնունդը հետ դառնա կերակրափող: Բացի այդ, պետք է ուտել մեջքը ուղիղ վիճակում` սնունդը մանրակրկիտ ծամելով:
Այրոցի դեպքում տհաճ զգացողություններից կօգնի ազատվել հանքային ջուրը, սակայն այն պետք է խմել քիչ-քիչ`50-100 մլ:
Փորիկի մեծացմանը զուգահեռ ապագա մայրիկի մոտ այրոցի անատոմիական պատճառ է ի հայտ գալիս: Ստամոքսը մի փոքր ճնշվում է` պայմանավորված արգանդի մեծացմամբ, ինչն էլ պատճառ է դառնում, որ թթվային պարունակությունը վերադառնա դեպի կերակրափող:
Սակայն այրոցը անվնաս դրսևորում չէ, այն կարող է աղեստամոքսային համակարգի մեկ այլ հիվանդության ախտանշան լինել: Պետք է շուտ բժշկի դիմել եթե կա նաև փորացավ, սրտխառնոց, ախորժակի բացակայություն:
Շատ կանայք դիմում են ժողովրդական միջոցներին այրոցի դեմ պայքարում: Դա բերում է ժամանակավոր թեթևացում, բայց ոչ բուն խնդրի լուծում: Իսկ ծանր դեպքերում բժիշկը կարող է անգամ դեղամիջոցներ նշանակել:
Նյութն ըստ vkusnyasha.ru կայքի