Հղիությունը մի պրոցես է, որի ընթացքում կնոջ օրգանիզմում աճում է ևս մեկ օրգանիզմ:
Ըստ թիվ 1 ծննդատան գինեկոլոգ Նաիրա Վարդանյանի` յուրաքանչյուր կին պետք է ապահովի այդ նոր օրգանիզմի բոլոր պահանջները:
Նրա օրգանիզմում պետք է լինեն բավական քանակությամբ նյութեր` ճարպեր, սպիտակուցներ, ածխաջրեր: Այդ իսկ պատճառով կնոջ օրգանիզմում առաջանում են կուտակումներ` հատկապես ճարպերի:
«Հղիության առաջին եռամսյակում կարող ենք նայել կնոջը և չզգալ, որ նա հղի է, իսկ երկրորդ եռամսյակից սկսում է որոշակի գիրացում`մոտավորապես 12-ից 15կգ-ով»,-ասում է նա:
Գինեկոլոգը բացատրում է, որ քաշի մի մասը պտղի և պտղաջրերի հաշվին է,իսկ մյուս մասը`ճարպերի: Ճարպակալումը լինում է հիմնականում ազդրերի և հետույքի շրջանում:
Վերջին` երրորդ եռամսյակում առաջանում են այսպես կոչված պիգմենտային բծեր: Դրանք կարող են լինել դեմքին` ճակատին և այտերին, որովայնի, կրծքերի վրա: Սրանք մուգ շագանակագույն, տարբեր ինտենսիվության բծեր են, որոնք, որպես կանոն, հղիությունից հետո անհետանում են: Հնարավոր է այտուցվածություն` սկսած դեմքից, վերջացրած ստորին վերջույթներով: Բնորոշ է նաև որովայնի առաջնապատի բծերի ի հայտ գալը»,-ասում է գինեկոլոգ Վարդանյանը:
Նրա խոսքով`մաշկը ձգվելու հետևանքով առաջանում են միկրոպատռվածքներ, ինչը հղիության շրջանում արտահայտվում է վառ վարդագույնով, իսկ հղիությունից հետո գունաթափվում է, բայց ամբողջությամբ չի անցնում:
«Հղիությունը ծանրաբեռնվածություն է առաջացնում կնոջ ողնաշարի վրա, որի հետ կապված կնոջ ուսերը և իրանի վերին մասը գնում են հետ. սա կոչվում է «հղիի հպարտ կեցվածք»,-բացատրում է գինեկոլոգը:
Բոլորի համար պարզ Է, որ որովայնը ծննդաբերությունից հետո անմիջապես վերականգնվել չի կարող, քանի որ ձգված է եղել պտղով: Որոշ կանանց մոտ վերականգնվում է արագ, իսկ մյուսների մոտ` ոչ այնքան: Այն կախված է պտղի և արգանդի չափսից:
Այստեղ շատ կարևոր է կնոջ միջամտությունը: Գինեկոլոգը խորհուրդ է տալիս ծննդաբերությունից 6- 8 շաբաթ հետո կատարել մկանները ամրացնող վարժություններ, կրել գոտիներ: Հնարավորության դեպքում օգտվել հիդրոմասաժորներից, որոնք էլեկտրասիմուլացիա են տալիս և ամրացնում որովայնի մկանները:
«Կերակրող մայրը չի կարող խիստ սննդակարգ պահել, բայց որոշակի սննդակարգ պահել պարտավոր է,-ասում է գինեկոլոգը,-չգիտես ինչու, կանանց մոտ կա մի տարածված և սխալ պատկերացում, թե կրծքով կերակրելն ազդում է կնոջ արտաքին տեսքի վրա, այնինչ իրենց տեսքի վրա կարող են ազդել միայն իրենք»:
Կերակրող մորը խորհուրդ է տրվում օգտագործել սննդարար ու վիտամիններով հարուստ կերակուրներ` խուսափելով ավելորդ կալորիականություն ունեցող քաղցրավելիքից, ճարպոտ կերակուրներից և չչարաշահելով հացը:
Եթե չկան բարդություններ, ապա ծննդաբերությունից 6-8 շաբաթ հետո օրգանիզմը գրեթե ամբողջությամբ վերականգնվում է: Նախկին տեսքին չեն կարող գալ միայն կրծքերը, քանի որ տեղի է ունենում կաթնարտադրություն և որովայնը, որը նախկին տեսքի բերելու համար ժամանակ և մարմնամարզություն է հարկավոր:
«Խորհուրդ է տրվում առաջին ծննդաբերությունից հետո երկրորդ և մնացած հղիությունները պլանավորել առնվազն երկու տարի հետո,-ասում է Վարդանյանը,- քանի որ պտուղը մոր օրգանիզմում կատարում է կողոպտիչի դեր, վերցնում նրանից մեծ քանակությամբ նյութեր: Շուտ հղիությունը կարող է բարդություններ առաջացնել, քանի որ կնոջ օրգանիզմի միկրոտարրերի պաշարը սպառված է լինում»:
Անցանկալի հղիությունը կանխելու համար ներկայումս կան հակաբեղմնավորման բազմաթիվ միջոցներ`ներարգանդային պարույրներ, հորմոնալ հակաբեղմնավորիչներ, մոմիկներ, պատնեշային միջոցներ /պահպանակ/ և այսպես կոչված բնական մեթոդներ /օրինակ` սեռական հարաբերություններ ունենալ ոչ օվուլյացիոն օրերին/: Գինեկոլոգը նշում է, որ վերոնշյալ միջոցները համարվում են անվնաս, սակայն պետք է հաշվի առնել կնոջ օրգանիզմի առանձնահատկությունները: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում նախքան որևէ հակաբեղմնավորիչ միջոց գործի դնելը խորհրդակցել համապատասխան բժշկի հետ:
Անի Ասատրյան