Հարցերին պատասխանում են Legal Advice իրավաբանական, փաստաբանական ծառայության մասնագետները:
Ֆիզարձակուրդ գնալու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտե՞ղ:
Հղիության և ծննդաբերության արձակուրդը համարվում է նպատակային արձակուրդի տեսակ և տրամադրվում է աշխատող կանանց (չաշխատող կանանց տրամադրվում է մայրության նպաստ)։
Նպաստի հաշվարկման և նշանակման համար աշխատողն անաշխատունակության թերթիկը ներկայացնում է գործատուին: Վերջինս նպաստը վճարում է միջին ամսական աշխատավարձի հիման վրա, որի մեջ ներառվում են աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները (օրինակ` պարգևատրումները, հավելավճարները):
Ի դեպ, պետք է նաև իմանալ, որ եթե կինը աշխատում է համատեղությամբ (այսինքն՝ մեկից ավելի վայրում), ապա նշված նպաստը վերջինիս ենթակա է վճարման ոչ միայն հիմնական աշխատավայրի, այլ նաև մնացած գործատուների կողմից:
Տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում 2016թ․ հունվար ամսից Հայաստանի Հանրապետությունում չաշխատող մայրերը ևս կարող են ստանալ մայրության նպաստ։
Մայրության նպաստի իրավունք ունեն այն կանայք, ում հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունքը ծագել է 2016թ․ հունվարի 1-ից հետո։
Չաշխատող կանանց մայրության նպաստի վճարումը նույնպես կատարվում է 140 օրվա համար: Նպաստի չափը կազմում է 126․000 ՀՀ դրամ (հաշվարկվում է հիմք ընդունելով նվազագույն աշխատավարձի չափը 2016թ․դրությամբ):
Նպաստը ստանալու համար ապագա մայրը (կամ վերջինիս լիազորված անձը) իր հաշվառման վայրի Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային կենտրոն պետք է ներկայացնի՝
• դիմում,
• անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ,
• բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկ,
• ծննդօգնության պետական հավաստագիր,
•հայտարարություն այն մասին, որ դիմողը չի հանդիսանում վարձու աշխատող:
Ու՞մ է տրամադրվում հղիության և ծննդաբերության արձակուրդ:
Հղիության և ծննդաբերության արձակուրդը տրմադրվում է աշխատող կանանց, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին, փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին։
Որքա՞ն ժամանակով է տրամադրվում:
Հղիության և ծննդաբերության արձակուրդն աշխատող կանանց տրամադրվում է՝
• 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության),
• 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում,
• 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում։
Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից `
• մինչև նորածնի 70 օրական դառնալը,
• երկու և ավելի նորածին որդեգրելու կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական դառնալը։
Փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին (երեխայի կենսաբանական մորը) տրամադրվում է արձակուրդ երեխայի ծնվելու օրվանից՝
• մինչև նորածնի 70 օրական դառնալը,
• երկու և ավելի նորածին երեխա ծնվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական դառնալը:
Ու՞մ է տրամադրվում չվճարվող արձակուրդ:
Ի թիվս այլ դեպքերի, աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Ընդ որում, այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը։